Ռուսաստանի առաջիկա պարտությունն արդեն ակնհայտ է․ Չինական դատավճիռ

21-05-2022 11:18

Համացանցում հրապարակվել են երկար տարիներ Չինաստանի կառավարությանը խորհրդատվություն մատուցող չինացի առաջատար փորձագետներ Գաո Յուշենի եւ Ֆեն Յուձունի վերլուծական տեղեկանքները, որոնք վերաբերում են Ռուսաստանի ներկայիս իրավիճակին եւ հեռանկարներին: Ներկայացնում ենք հատվածներ․  Ռուս-ուկրաինական պատերազմը բազմաչափ ազդեցություն ունեցավ գլոբալ աշխարհի վրա՝ որոշ չափով գերազանցելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների նշանակությունը: Կարելի է ասել, որ այն դարձել է համաշխարհային պատմության սահմանակետ․ Ռուսաստանի առաջիկա պարտությունն արդեն ակնհայտ է: Պուտինի օրոք Ռուսաստանի վերածնունդ ասվածը սուտ է, այն ուղղակի գոյություն չունի: Ռուսաստանի Դաշնության անկումն ակնհայտ է տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական, քաղաքական և սոցիալական ոլորտներում, այն լուրջ բացասական ազդեցություն է թողել ռուսական բանակի և նրա մարտունակության վրա․ Ռուսական բլից-կրիգի անհաջողությունն ու արագ հաղթանակ չապահովելը նշանավորեցին Ռուսաստանի պարտության սկիզբը: Նրա ռազմարդյունաբերական համալիրի չափերը և բանակի ֆինանսավորումը անհամեմատելի են, այսպես կոչված, ռազմական գերտերության կարգավիճակի հետ, նրանք չեն կարող ապահովել օրական հարյուր միլիոնավոր դոլարների բարձր տեխնոլոգիական պատերազմ: Մարտի դաշտում բանակի աղքատության պատճառով կորուստները աչք են ծակում. Պատերազմի ձգձգվող յուրաքանչյուր օրը ծանր բեռ է երկրի համար. Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների (ՆԱՏՕ) միջև զենքի և տեխնոլոգիաների, ռազմական հայեցակարգերի և պատերազմի մեթոդների ոլորտում սերնդային տարբերություններն ավելի են ընդգծում ԱՄՆ-ի առավելությունները և Ռուսաստանի թերությունները․ Ռուսաստանն այսօր այլևս չի կարող որոշել, թե երբ և ինչպես ավարտի պատերազմը: Նա փորձում է հնարավորինս շուտ ավարտել այն, որպեսզի պահպանի այն, ինչ նվաճել է: Բայց նրան չի հաջողվում: Ռուսաստանի Դաշնությունը հակամարտության ընթացքում կորցրեց ռազմավարական առաջնորդությունն ու նախաձեռնությունը․ Ավելի կարևոր է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմին գնալով խորանում և ընդլայնվում է: Այս ամենը հուշում է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի պարտվել ու չի պատժվել․ Ռուսաստանի Դաշնությունը երբեք իրականում չի ճանաչել նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը և հաճախ խախտել է նրանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական արշավը ոչ մի կերպ մեկուսի դրվագ չէ, այլ իր կայսրությունը վերականգնելու Ռուսաստանի ռազմավարության կարևոր մասը․ Զարմանալի չէ, որ հետխորհրդային տարածքի երկրները, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամները, բացառությամբ Բելառուսի, հրաժարվեցին աջակցել Ռուսաստանին: Ռուսաստանի Դաշնության պարտությունը վերջնականապես զրկում է նրան հին կայսրության վերականգնման հույսից: Ռուսաստանը զգալիորեն կթուլանա, կմեկուսացվի ու կպատժվի. Ուկրաինան դուրս կգա Ռուսաստանի ուղեծրից և ազդեցության գոտուց (եթե Ռուսաստանն առհասարակ որևէ ազդեցության գոտի ունենա) և կդառնա եվրոպական մեծ ընտանիքի, այսինքն՝ Եվրամիության անդամ: Հետխորհրդային մյուս պետությունները տարբեր աստիճանի ապառուսականացման նոր ճանապարհ կանցնեն: Նշենք, որ ՌԴ նախագահ Պուտինը մինչ Ուկրաինա ներխուժումը այցելեց Պեկին եւ Չինաստանի նախագահի հետ ստորագրեց հակաամերիկյան ու հականատօական բնույթի հռչակագիր, որը փորձագետները գնահատեցին որպես Չինաստանի աջակցություն Ռուսաստանին: Պեկինը հերքում է, որ տեղյակ էր Պուտինի ներխուժման ծրագրերից եւ առավել եւս խոստացել էր օժանդակություն: Միեւնույն ժամանակ, ռուսական պրոպագանդան հռչակագիրը ներկայացնում էր որպես Մոսկվա-Պեկին դաշինք, որ Չինաստանը կանգնած է ՌԴ թիկունքին եւ կօգնի հատուցել պատժամիջոցների կորուստները: Փորձագետները նշում են, որ Չինաստանին ձեռնտու էր Ուկրաինայի եւ ընդհանուր առմամբ՝ Արեւմուտքի դեմ Ռուսաստանի պատերազմը, քանի որ ցանկացած ելքի դեպքում Պեկինը շահում էր՝ «գետը կբերեր կամ ՌԴ, կամ Արեւմուտքի դիակները»: Սակայն պատերազմի ձգձգումը խնդիրների առջեւ է կանգնեցրել Չինաստանին, որն առայժմ մի շարք ոլորտներում կախման մեջ է ԱՄՆ-ից, ինչը կարող է տնտեսական լուրջ հետեւանքներ ունենալ երկրի համար: Դրանով է բացատրվում ռուսական շուկայից չինական տեխնոլոգիական ձեռնարկությունների աստիճանական հեռացումը: Կարդացեք նաեւ Չինաստանի համար սկսեց Հայաստանից․ Մեծ տերությանը չի սազում միմոսությունը Չինաստանի ճնշումը Հայաստանի վրա անընդունելի է. Պեկինը զիջու՞մ է Մանջուրիան եւ ճանաչում Ուռումչի՞ն 

Lragir.am,
21-05-2022 11:18