Ուղևորը դանակահարել է երթուղայինի վարորդին. ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը և ձերբակալել նրան

10-06-2022 11:08

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հունիսի 9-ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: Բուժհաստատություն են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության փորձի հատկանիշներով: Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկել են  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է՝ տուժողն ավտոբուսի վարորդ է: Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել: Միկոյան փողոցում նրանք իջել էին ավտոբուսից, ապա ուղևորը դանակահարել էր վարորդին: Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են կասկածվողի ինքնությունը: Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին: Նա ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Lragir.am,
10-06-2022 11:08