Հանքավանում ամփոփվեցին ՏՀՏ ոլորտի պահեստազորային վարժանքները

13-06-2022 11:16

Հունիսի 12-ին ցուցադրական վարժանքներով ամփոփվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հունիսի 5-12-ը կազմակերպված տեխնոռազմամարզական հավաքը՝ ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի շրջանակներում: Հավաքին մասնակցեցին ՏՀՏ ընկերությունների շուրջ 200 աշխատակիցներ: Մասնակիցներն անցել են կրակային և մարտավարական բազային պատրաստություն գումարտակի շրջանակներում: Այն անց է կացվում ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ համագործակցաբար իրականացվող Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակներում: Ծրագրի հետագա զարգացումը ենթադրում է մասնակիցների շրջանակի ընդլայնում, որը ենթադրում է ինչպես ոլորտի մասնագետների մասսայական ներգրավում, այնպես էլ այլ ոլորտների մասնակցություն: Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքի ընթացքում գործնականում ստուգվեց Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ապագա համակարգի գումարտակի մոդելը: Վարժանքի հրամանատարությունն ու ղեկավարումն իրականացվում էր գումարտակային մակարդակի հրամանատարական, ղեկավարման, տեղեկության հավաքման, դիտարկման և հետախուզման համակարգերի կիրառմամբ: Այն բաղկացած է հայկական ՏՀՏ ընկերությունների տեխնոլոգիական և համակարգային լուծումներից: Ցուցադրական վարժանքին ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության, պաշտպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետն ու Ծաղկաձոր համայնքի ղեկավարը: Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունը պատրաստակամ է իր վրա վերցնել պահեսազորային պատրաստության մի շարք խնդիրներ, ինչը նկատելի դեր կխաղա հայ ազգի տոկունության բարձրացման և անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման կայացման գործում: Մոտեցումը պահանջում է ոչ միայն պետության, այլև ամբողջ ազգի ներուժի ներգրավումը, և ԱՏՁՄ-ն մտադիր է զարգացնել այն համահայկական «Ոգեզէն» հարթակի շրջանակներում: Հարթակը կոչված է կենտրոնացնելու հայ ազգի ոչ պետական ներուժն ու հնարավորությունները՝ ստեղծելով հնարավորություններ ցանկացողների համար անմիջական ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:  Հիշեցնենք, որ ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի նպատակն է գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում: Ութօրյա վարժանքներն իրականացվեցին ժամանակակից ռազմական և տեխնոլոգիական սկզբունքների առավելագույն կիրառմամբ: Ծրագիրն իրականացվում է ԱՏՁՄ կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ: 

Lragir.am,
13-06-2022 11:16