Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք. քրեական գործ է հարուցվել

23-06-2022 14:49

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցաիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց բնակարաններով ապահովման գործընթացում օրենսդրության պահանջների պահպանման ոլորտում:   Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 13-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հաշվառված՝ բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների անձանց ցուցակը: Որոշմամբ նախատեսվել է մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը ցուցակում ընդգրկված 163 շահառուներին նվիրաբերել անհատույց օգտագործման պայմանագրով նրանց տրամադրված բնակարանները: 2003-2010թթ. ընթացքում շահառուների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերով շահառուները պարտավորվել են մշտական բնակության նպատակով այլ բնակավայր տեղափոխվելու կամ մինչև 6 ամիս ժամկետով այլ բնակավայր մեկնելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել նախարարությանը: Ընդ որում, շահառուի կողմից 6 ամսից ավելի բնակարանում չբնակվելու դեպքում պայմանագրի գործողությունը դադարում է, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս ծառայում է զինված ուժերում, գտնվում է ազատազրկման վայրերում, կամ բացակայում է բնակության վայրից բուժման կամ կրթական նպատակներով: Մինչդեռ պարզվել է, որ ցուցակում ներառված շահառուններից 1-ը մահացել է դեռևս 2018թ.՝ որոշումն ընդունելուց շուրջ 1 տարի 8 ամիս առաջ: 27 շահառու 2019թ.-ից սկսած 1 տարվա կտրվածքով 6 ամսից ավել գտնվել են ՀՀ-ից դուրս, ընդ որում, նրանցից 15-ը՝ առնվազն վերջին 2 տարին անընդմեջ: Իսկ 47 շահառու վերջին 10 տարվա կտրվածքով 1 տարվա ընթացում առնվազն 6 ամիս չի օգտագործել էլեկտրաէներգիա: Ընդ որում, 27 շահառու նախորդ 3 տարվա ընթացում անընդմեջ անշարժ գույքի գտնվելու հասցեով էլեկտրաէներգիա չի ծախսել, որոնցից 3-ը ՀՀ-ում չի բնակվել, 6 շահառու ունեն սեփականության իրավունքով գրանցված գույք: Սոցիալապես անապահով և հատուկ խնդիրներին դասված անձանց կացարանի խնդրի լուծման պետական ծրագրերի մշակումը, իրականացումն ու համակարգումը, ինչպես նաև դրանց իրականացման ընթացիկ մոնիթորինգը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության գործառույթներից է:   Այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում, տևական ժամանակ՝ 2015թ. ՀՀ-ից բացակայելու, բնակտարածքը չօգտագործելու, անշարժ գույքի առկայության, անգամ մահվան դեպքերում շահառուների հետ կնքված բնակարանների անհատույց օգտագործման պայմանագրերը չեն լուծվել: Փոխարենը 2020թ. օգոստոսին այդ անձինք ներառվել են համապատասխան ցուցակում, որի արդյունքում նորմատիվ իրավական ակտի ուժով նրանց տրվել է բնակարանները սեփականաշնորհելու հնարավորություն, ինչի իրավունք վերջիններս չունեին: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Lragir.am,
23-06-2022 14:49