Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը խորհրդարանի՝ իր կաբինետին անվստահություն հայտնելու համար մեղադրել է երեք քաղաքական գործիչների և Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային: «Ինձ համար պատիվ էր ղեկավարել այն կառավարությունը, որը տապալեցին Պեևսկին, Բորիսովը, Տրիֆոնովը և Միտրոֆանովան»,- քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Novinite-ը: Պետկովի նշած քաղաքական գործիչներից Դելյան Պեևսկին գործարար է և նախկին պատգամավոր, մյուսը նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն է, որի գլխավորած կուսակցության պատգամավորները անվստահության քվե են հայտնել կառավարությանը, իսկ Սլավի Տրիֆոնովը գլխավորում է «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը, որը դուրս է եկել կառավարող կոալիցիայից: Ավելի ուշ BNR ռադիոկայանի եթերում Պետկովը նշել է, որ իշխանության ժամանակ ցանկացել է պաշտպանել երկրի շահերը, իսկ «ռուսական շահերի ներթափանցումը» հնարավոր է դարձել ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության գործողությունների շնորհիվ: