Ցորենի գողերը

23-06-2022 16:02

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Անկարան «գողացված» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մենք լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին և հետաքննել ենք դրանք: Հետաքննության արդյունքում մենք տեսանք, որ գնված հացահատիկը ռուսական է, բայց մենք նաև դեմ ենք միջազգային շուկայում «գողացված» ուկրաինական ապրանքների անօրինական վաճառքին և թույլ չենք տալիս դրանք վաճառել Թուրքիայում», ասել է նա: Ուկրաինական ցորենի արտահանման հարցում Թուրքիան փորձում է դերակատարություն ստանձնել, բանակցելով Ռուսաստանի հետ, որը շրջափակել է ուկրաինական նավահանգիստները, բացի այդ՝ գողանում է օկուպացված տարածքներում գտնվող ցորենը եւ ռմբակոծում ցորենի ուկրաինական պահեստները: Ուկրաինան հայտարարել է, որ ռուս-թուրքական բանակցություններում նշված պայմանները չեն բավարարում, մասնավորապես՝ անվտանգության նկատառումներով: Թուրքիան նույնիսկ առաջարկել է գնել ուկրաինական ողջ ցորենը մեծ զեղչերով, վերավաճառելու նպատակով: Ուկրաինայի կոշտ հայտարարությունից հետո էլ Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ, փորձելով ներգրավել նաեւ ՄԱԿ-ին: Թուրքիան ու Ռուսաստանը շարունակում են, ինչպես Չավուշօղլուն էր բնորոշել՝ հավասար կիսելու քաղաքականությունը, հայերի տարածքներից մինչեւ ուկրաինական ցորեն:

Lragir.am,
23-06-2022 16:02