ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել օրինագիծ, որով առաջարկվում է ուկրաինացի օդաչուներին պատրաստել ՆԱՏՕ-ի կործանիչներ վարելու համար

23-06-2022 16:39

F-16 / Getty Images   ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել օրինագիծ, որով առաջարկվում է ուկրաինացի օդաչուներին պատրաստել ՆԱՏՕ-ի կործանիչներ վարելու համար: Օրինագծի հեղինակը կոնգրեսական, ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան Ադամ Քինզինգերն է: Նա իր Twitter-ում գրել է, որ ծանոթ է պատերազմի առաջին օրերին Ռուսաստանի դեմ օդային մարտերին մասնակցած օդաչուներին: «Շատերը կարծում էին, որ առաջին օրը դուրս կգան մարտից, բայց նրանք դեռ ծառայության մեջ են: Ես օրինագիծ եմ ներկայացրել նրանց ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին վարժեցնելու համար, որպեսզի նրանք կարողանան անցնել F-16-ներին», – գրել է Քինզինգերը: Մայիսի կեսերին Կոնգրեսը հավանություն տվեց Ուկրաինային օգնության խոշոր փաթեթին: Այս բյուջեի մի մասը նախատեսված է սպառազինությունների մատակարարման համար, սակայն մինչ այժմ Ուկրաինային մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ F-16 կործանիչների տրամադրումը ԱՄՆ-ի պլանների մեջ չի եղել: Գարնանը Սպիտակ տունը արգելափակեց լեհական MIG-29 կործանիչների տեղափոխումը Ուկրաինա՝ դա բացատրելով հակամարտության սրման մտավախությամբ, գրում է BBC-ն: Հնարավոր է, որ Քինզինգերի հայտարարությունը հիմնված է ներքին տեղեկատվության վրա, որը դեռ հրապարակայնորեն չի հաստատվել: «Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին Ուկրաինային աջակցելու և առաջարկվող նախաձեռնությունների համար: Մեր ռազմաօդային ուժերը պատրաստ են սովորել, թե ինչպես վարել ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ: Ուկրաինական հետևակը և հրետանին արդեն ապացուցել են, որ մենք արագ ենք սովորում»,- կոնգրեսականի նախաձեռնությանն արձագանքել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:

Lragir.am,
23-06-2022 16:39