Դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է. Գեղամ Գևորգյան

23-06-2022 16:45

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն արձանագրում է, որ շուկայում որոշ պարենային ապրանքների գնանկում է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գևորգյանը նշեց, որ նորզելանդական կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամի,  «Անկոր» տեսակի կարագի գինը ևս նվազել է` 5038-ից իջել է 4691 դրամի: «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գների կարգավորմամբ չի զբաղվում: Ես չեմ բացառում, որ կլինեն ոլորտներ և տնտեսավարողներ, որոնք չարաշահումներ կանեն»,- ասաց նա: Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի գներին՝ Գևորգյանը նշեց, որ Իրանը վերջին շրջանում դիզվառելիք և բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, իսկ  դիզվառելիքի և բենզինի մեծ մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանի Դաշնությունից: «Դիզվառելիքի գների վրա ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը: Դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է»,- հավելեց Գևորգյանը:

Lragir.am,
23-06-2022 16:45