Ստորագրվել է հուշագիր՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթի շուրջ համագործակցության մասին

23-06-2022 17:04

Սույն թվականաի հունիսի 23-ին ԱՏՁՄ գրասենյակում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև՝ երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի շուրջ համագործակցության վերաբերյալ: Ըստ հուշագրի՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն  ստանձնում է մրցույթի գլխավոր հովանավորի դերը:  Հուշագիրը ստորագրվեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի կողմից:  «Ուրախ ենք, որ մաս ենք կազմում այս անչափ կարևոր նախաձեռնության և հանձն ենք առել անօդաչու թռչող սարքերի մրցույթի գլխավոր հովանավորի դերը: Այս առումով կրթական տարր պարունակող բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ազգային մտավոր ներուժը համախմբելուն, նոր գիտական ուժ ձևավորելուն և նոր բարձունքներ նվաճելուն, տեղավորվում են ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բովանդակության մեջ», – ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը: Այս տարի մրցույթն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 11-ը Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում: Հիշեցնենք, որ օդանավակայանը կառուցվել է նախորդ տարի ծավալված դրամահավաքի արդյունքում: Օդանավակայանի 80 մետրանոց թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով՝ ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ:  «Շնորհակալ ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ հիմնադրամի նախաձեռնությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու մտադրության համար: Այս տարի մրցույթն առավել մեծ ընդգրկում է ունենալու, ուստի բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», – նշում է Կարեն Վարդանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը: Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ: Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ:  Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում: Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը: «Ազգային նշանակության նախագծերի դեպքում կարևորագույն բաղադրիչը համագործակցությունն է և համազգային մասնակցության ապահովումը, ուստի հաջող ընթացք ենք մաղթում այսօրվա հուշագրով արձանագրվող համագործակցությանը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:  Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Գլխավոր հովանավորն է  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն: 

Lragir.am,
23-06-2022 17:04