Ինչ էին պայմանավորվել Պուտինն ու Ալիեւը Արցախում պատերազմի նախօրեին․ եւս մեկ կարեւոր արձանագրում

23-06-2022 17:34

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատ ջրեր է պարզում, մասնավորապես 2020-ի աշնանը Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրքական ռազմական արշավի հարցում: Ուկրաինական օֆիցիոզը, որն անկասկած արեւմտյան քարոզչության մասն է եւ զգալիորեն հիմնված է արեւմտյան տեխնոլոգիական աջակցության վրա, արձանագրեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համատեղ գործում է Հայաստանի դեմ: Արձանագրվեց նաեւ, որ Ռուսաստանը Թուրքիայի օգնությամբ փորձում է շրջանցել պատժամիջոցները եւ ծուղակի մեջ գցել Ուկրաինան: Այս արձանագրումները կարեւոր էին այն առումով, որ մինչ այդ Թուրքիան ու «Ադրբեջանը» ներկայացվում էին որպես դաշնակիցներ, իսկ վերջինս էլ ուր որ է «Ղարաբաղում երկրորդ ճակատ է բացելու Ռուսաստանի դեմ»: Եվ ահա, այս տիրույթում արձանագրվում է հերթական կարեւոր հանգամանքը՝ Արցախում Հայաստանի դեմ պատերազմը նախաձեռնել է Մոսկվան՝ Բաքվի հետ պայմանավորվածությամբ (Պիոնտկովսկի): Ռուսական կողմից ավելի վաղ նման խոստովանություններ եղել էին (Զատուլին, Կուրղինյան, այլոք), սակայն այս արձանագրումն առավել նշանակություն է ստանում իրադարձությունների հետագա զարգացման համատեքստում: 2020-ի սեպտեմբերի 27-ի նախօրեին տեղի էր ունեցել Պուտին-Ալիեւ հանդիպումը, որի ժամանակ էլ ըստ ամենայնի ճշտվել էին հակահայ արշավի պայմանավորվածությունները: Արդյունքում ռուսական զորքը պետք է հայտնվեր Արցախում՝ Շուշին ու Հադրութը Բաքվին հանձնելու պայմանով, Պուտինը պետք է հանդես գար խաղաղարարի դափնեպսակով, հայերն էլ երախտագիտություն պետք է հայտնեին: Նոյեմբերի 9-ի թուղթը, պարզ է, մեկ գիշերում չի գրվում, դրա տակ չերեւացող ահռելի աշխատանք կա, որը ժամանակ է պահանջում: Շատերն են նկատել, որ Ուկրաինայի դեմ ռազմական պլանավորումն ու Կիեւին կապիտուլյացիոն պահանջները հար եւ նման են Հայաստանի դեմ իրագործված ռազմական եւ «կարգավորման պլանին», այդ թվում՝ Արեւմուտքին սեփական պլանների «օրինականացումը» հարկադրելու ջանքերով: Դա վկայում է նույն ծագումնաբանության մասին: Պարզապես, Ուկրաինայի դեմ Ռուսաստանը գործում է ուղիղ, իր դեմքով, Հայաստանի դեմ՝ թուրքերի միջոցով, որոնք ստանում են իրենցը: Միջազգային տիրույթում Հայաստանի դեմ արշավի իրական ռազմա-քաղաքական գնահատականը Արցախի հարցը կրկին համաշխարհային զարգացումների տրամաբանության եւ ըստ այդմ՝ բանակցային սեղանին վերադարձնելու հնարավորություն է: Ինչ ունենք դրա փոխարեն՝ խորհրդարանը կազմող ուժերը խուսափում են նախաձեռնություններից ու համապատասխան որոշումների ընդունումից, հավատարմություն հայտնելով ռուս-թուրքական պլաններին եւ չեզոքացնելով Հայաստանի բոլոր հնարավորությունները: Պուտինին հենց սա էր ոգեշնչել Ուկրաինայի դեմ արշավը սկսելու հարցում, սակայն նրա հույսերը չարդարացան․ Ուկրաինան դիմադրում է պետություն ունենալու, ուկրաինացի մնալու համար:

Lragir.am,
23-06-2022 17:34