Շոյգու. Ռուսաստանը և Բելառուսը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն մարտունակությունն ուժեղացնելու համար

23-06-2022 17:50

Բելառուսի զինվորական / Getty Images   ՌԴ պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորումը և հակաօդային պաշտպանության համակարգը հրատապ միջոցների կարիք ունեն՝ մարտունակությունը բարձրացնելու համար, գրում է BBC-ն: «Հանգամանքները թելադրում են անհապաղ համատեղ միջոցներ ձեռնարկել Միութենական պետության պաշտպանունակությունն ամրապնդելու, զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորման մարտունակության բարձրացման և հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի մարտունակության բարձրացման համար»,-ասել է Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ հանդիպման ժամանակ: Շոյգուի խոսքով՝ այսօր այս հարցն ավելի ու ավելի արդիական է դառնում, և Ռուսաստանը պատրաստ է դրանում «ցանկացած աջակցություն ցուցաբերել բելառուս ընկերներին»: Իր հերթին, Ուկրաինայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հինգշաբթի ասել է, որ Բելառուսի տարածքն ու օդային տարածքը հրթիռային հարվածների համար օգտագործելու սպառնալիքը պահպանվում է, և չի բացառվում դիվերսիոն-հետախուզական խմբերի տեղափոխումը Ուկրաինայի տարածք՝ նախեւառաջ ուկրաինական զորքերի մատակարարման երթուղիներում դիվերսիաներ իրականացնելու նպատակով: Բացի այդ, Բելառուսը կարող է Ռուսաստանին տրամադրել իր սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որը հետագայում կարող է տեղափոխվել Դոնեցկի կամ Խերսոնի ուղղությամբ՝ ուժեղացնելու ռուսական զորքերի խմբավորումը:

Lragir.am,
23-06-2022 17:50