Հունիսի 21-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում «Հայաստան » և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն էին: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, շեշտել է, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են բոլոր ուժերի առջև: Խոսելով Արցախի խորհրդարանական գործունեությունից՝ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Ազգային ժողովում ընդգրկված թե իշխանամետ, թե ընդդիմադիր պատգամավորները միասնական ու միակարծիք են Արցախին առնչվող ցանկացած հարցի շուրջ: ԱԺ նախագահը Արցախի փրկությունը Արցախ-Հայաստան- Սփյուռք եռամիասնության մեջ է տեսնում, իսկ քաղաքական լուծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո միայն: Արթուր Թովմասյանը կարևորել է արցախցու անվտանգության երաշխավորի ՝ռուս խաղաղապահի դերակատարությունը և անդրադարձել բռնի տեղահանվածների բնակարանային ու այլ սոցիալական խնդիրներին: Իշխան Սաղաթելյանը և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են ոչ թե հայաստանյան ներքաղաքական հարցերը քննարկելու, այլ Արցախի համար, որոնք, չնայած, փոխկապակցված են: ՀՀ ընդդիմադիր ուժերը քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը անհնար է, հայաթափումը ՝անխուսափելի: «Մենք պնդում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ինքնորոշման իրավունքը ելակետ է, որից նահանջ, կամ նշաձողի իջեցում չկա»,- այս հենասյունով են առաջնորդվում ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորները: Նրանք վստահ են՝ ուժերի կենտրոնացմամբ , համահայկական մթնոլորտի փոփոխությամբ և եռամիասնությամբ միայն կարող ենք հաջողություններ ունենալ: ՀՀ պատգամավորները ողջունել են Արցախի խորհրդարանի՝ 2022թ ապրիլի 14-ին ընդունած հայտարարությունը և ԱՀ ԱԺ կողմից ակնկալում են համարժեք արձագանք Արցախը վտանգող ցանկացած գործողության հանդեպ: Խորհրդարանականները իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել միջխորհրդարանական համատեղ նիստի չկայացման առնչությամբ: Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հայկական զույգ հանրապետություների օրենսդիր մարմինների փոխգործակցությունը վերականգնելու համար: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր: Պատգամավորների կողմից բարձրաձայնվել է առաջնային օրակարգի ձևակերպման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու միասնական հայրենիքի առջև ծառացած խնդիրներն ու առանցքային հարցերը: