Ռուսաստանը վերածվեց «գորշ գոտու»․ Երկու կտրուկ որոշում

25-06-2022 09:26

ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է այսպես կոչված զուգահեռ ներմուծման օրինականացումը: Օրենքը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը: Օրենքը պաշտպանում է ռուսական ընկերություններին, որոնք ապրանքներ են ներմուծում առանց իրավատիրոջ թույլտվության, հնարավոր քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվությունից: Ինչպես նշվում է Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի եզրակացության մեջ, օրենքի ընդունումը կապահովի ինչպես ռուսական շուկան լքած օտարերկրյա ընկերությունների արտադրանքի ներքին սպառողների շահերը, այնպես էլ, ընդհանուր առմամբ, կնպաստի Ռուսաստանի տնտեսության զարգացմանը ոչ բարեկամ երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականության պայմաններում: Փորձագետներն այս օրենքն արդեն բնորոշել են որպես մաքսանենգության օրինականացում: ՌԴ-ում հույս ունեն այս միջոցով ներքին շուկայում թույլ չտալ որակյալ ապրանքների դեֆիցիտ, շրջանցել պատժամիջոցները եւ փորձել ներկրել հատկապես բարձրտեխնոլոգիական ապրանքներ, որոնք անհրաժեշտ են նախեւառաջ ռազմարդյունաբերական համալիրին, որը կախված է արեւմտյան տեխնոլոգիաներից: Օրենքի ընդունումը փաստում է ՌԴ պետական լեգալ կարգի եւ «գաղափարախոսության» ողջ սնանկությունը: Պարզվեց, որ ռուսական տնտեսությունն ընդամենը արեւմտյան ընկերությունների հավաքածու է,- խոսքը քիչ թե շատ տեխնոլոգիական ոլորտների մասին է,- իսկ 2014-ից հայտարարված «ներմուծման փոխարինման» քաղաքականությունը տապալվել է, ինչպես խոստովանում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները: Հումքի արտահանման վրա կառուցված տնտեսաքաղաքական կլեպտոկրատ վերնախավերը ներդրումներ չեն արել երկրի զարգացման ու առաջադեմ ոլորտների «տեղայնացման» ոլորտներում: «Զուգահեռ ներմուծման» ուղիները բազմազան են՝ Արեւմտյան երկրներում բազմաթիվ «դրածո» ընկերությունների ստեղծումից մինչեւ ԵՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Ղըրղզստանի օգտագործումը: Գորշ սխեմաների մեջ են նաեւ Վրաստանը, հատկապես «Ադրբեջանն» ու Թուրքիան, որոնց միջոցով Ռուսաստանը մտադիր է ապահովել իր գազի միջնորդավորված վաճառքն Արեւմուտքում: Ուշագրավ է, որ այսօրվանից ՌԴ-ում արգելվում է էներգակիրների արդյունահանման ու վաճառքի վերաբերյալ թվային տվյալների հրապարակումը, դրա վերաբերյալ ողջ տեղեկատվությունը գաղտնագրվում է: Հայաստանի տարածքով «պարզեցված ռեժիմով» միջանցքներ բացելու Մոսկվայի շտապողականությունը կապված է նաեւ այս հանգամանքի հետ․ ՖՍԲ վերահսկողությամբ ցամաքային ուղիղ կապը Թուրքիայի հետ ծառայեցվելու է պատժամիջոցների շրջանցմանը հատկապես խոշոր չափերով: Գորշ գոտիներն ու ստվերային գործարքներն ընդհանրապես Կրեմլի քաղաքականության ոճն ու տարերքն է: Հիմա ՌԴ-ն ինքն է վերածվում գորշ գոտու՝ դեն նետելով բոլոր դիմակները:

Lragir.am,
25-06-2022 09:26