Ռուսական զորքերի նոր հրամանատար է նշանակվել․ ով է նա

25-06-2022 10:58

Հունիսի սկզբից Ռուսաստանի բարձրագույն հրամանատարությունը մի քանի գեներալների է հեռացրել Ուկրաինայի դեմ պատերազմի հիմնական օպերատիվ հրամանատարական դիրքերից: Դոնբասում զորքերի ղեկավարումը ներկայում ստանձնել է գեներալ Սերգեյ Սուրովիկինը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը: Բրիտանական հետախուզության տվյալներով՝ հեռացված գեներալների թվում են Օդադեսանտային ուժերի (ՎԴՎ) հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը և Հարավային ուժերի խմբի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը: «Հարավային ուժերի հրամանատարությունը, ամենայն հավանականությամբ, կանցնի գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինին, քանի որ Հարավային ուժերը շարունակում են կենտրոնական դեր խաղալ Դոնբասում Ռուսաստանի հարձակման մեջ», – ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ: Սուրովիկինի ռազմական կարիերան ուղեկցվել է կոռուպցիայի ու դաժանության մեղադրանքներով: Նա 1991 թ․ օգոստոսին մասնակցել է ԳԿՉՊ-ին, իր հրամանատարության ներքո գտնվող վաշտով հարձակվել է ցուցարարների վրա, որի արդյունքում սպանվել է երեք երիտասարդ: Մեկին պարզապես տրորել են զրահամեքենայով: ԳԿՉՊ-ի տապալումից հետո նա ձերբակալվել է եւ 7 ամիս գտնվել անազատության մեջ, որից հետո կրկին ծառայության է անցել Զինված ուժերում: Ծառայել է Չեչնիայում ու Սիրիայում: Պուտինը նրան պարգեւատրել է ՌԴ հերոսի կոչմամբ:

Lragir.am,
25-06-2022 10:58