«Ամեն օր տալիս ենք, տալիս ենք, վերջը չի երևում՝ մինչև երբ պետք է մեր տարածքները տանք, ես կարմիր գիծը չեմ տեսնում»

Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի այլընտրանքային ճանապարհը կառուցման փուլում է, աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի վերջին: Բարձրավանը Սյունիքի այն երեք համայնքներից է (Շուռնուխ, Որոտան, Բարձրավան), որոնք նախորդ տարի շրջափակման մեջ էին մնացել, երբ ադրբեջանցի զինծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը: Համայնքի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմից հետո համայնքը լքող ընտանիքներ չեն եղել, գյուղի երիտասարդներից ոմանք աշխատելու նպատակով Կապան ու Քաջարան են տեղափոխվել: Պատերազմից հետո Բաքվի զորքերը ներխուժել են Սյունիքի համայնքներ, մինչ օրս չեն հեռանում: «Եթե թողնեն մեզ, կարող ենք մեր պոստերից էլ, Որոտանից էլ մի քանի օրվա մեջ բոլորին վռնդել: Բայց հաշվի առնելով, որ Շուռնուխում էլ, Որոտանում էլ, Բարձրավանում էլ խաղաղ բնակիչներ կան, երեխաներ, կանայք, իսկ ադրբեջանցիների վերահսկողության տակ մնացած տարածքներում խաղաղ բնակչություն չկա, հիմա նման կտրուկ գործողությունների չենք կարող դիմել: Ես կրկնում եմ, մենք կարող ենք իրենց ստիպել հետ քաշվել, բայց հետևանքները վատ են լինելու, մեզ մոտ լրիվ խաղաղ բանկիչներ են, իրենց մոտ՝ զինված ահաբեկիչներ: Այս դեպքում մեզ լավ ղեկավար է պետք, որ մեր իրավունքները բարձրացնելով, միջազգային հանրությանը, մեր հարևան պետություններին ներկայացնելով՝ դիվանագիտական ճանապարհով հարցերը լուծի: Թե չէ ամեն օր տալիս ենք, տալիս ենք, վերջը չի երևում՝ մինչև երբ պետք է մեր տարածքները տանք, ես կարմիր գիծը չեմ տեսնում»,- ասաց նա: Անդրադառնալով սահմանազատման աշխատանքների մասին հարցին՝ Օնիկ Ավագյանը նշեց․ «Հենց Խորհրդային միության ժամանակ է ստեղծվել Ադրբեջան պետությունը: Եթե ԽՍՀՄ ելակետային քարտեզները վերցնեն, էլի մենք որոշ չափով կշահենք, չնայած դրանք էլ մեր տարածքներն են: Բայց եթե վերցնեն 50-80-ական թվականների քարտեզները, այդ շրջանում մեր հողերից կտոր-կտոր տարել են: Հայերին խաբելով՝ վերցրեցին և Արցախի տարածքները, և Նախիջևանը ու տվեցին ադրբեջանցիներին: Պատմության ընթացքում մեզնից միշտ կտրել տարել են: Այսօրվա մարտահրավերների պայմաններում առաջին հերթին պետք է ուժեղ ու հզոր բանակ ունենանք, մենք էլ բանակին թև ու թիկունք կանգնենք, մեր հարցերին արդարացի լուծում տանք»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զորքերը հայելային հետ քաշելու առաջարկին, Բարձրավանի վարչական ղեկավարն ասաց, որ հետ քաշվելու տեղ չկա այլևս, Սյունիքում համաձայն չեն այս առաջարկի հետ: «Հայելային հետքաշումը ես ընդհանրապես չեմ էլ պատկերացնում: Շուռնուխի ճանապարհի վերևի մասում խաղաղ բնակիչ է, ճանապարհի ներքեւը կանգնում է ադրբեջանցին: Հիմա հայելային հետքաշում արդեն նշանակում է, որ Շուռնուխ գյուղը պիտի տեղահանվի՞: Իրենք մխրճվել են մեր հողի մեջ, այստեղից ասում են՝ մենք էլ հետ քաշվենք, իրենք էլ հետ քաշվեն: Չէ, թող իրենք հետ քաշվեն, գնան իրենց դիրքերում կանգնեն, հետո կորոշենք՝ հայելային հետքաշվելը որն է: Իսկ այս պարագայում հայելային հետքաշման հետևանքով էլի մենք ենք տուժելու, մենք ենք տարածքներ կորցնելու»,- ասաց Օնիկ Ավագյանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
25-06-2022 16:03