Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը

25-06-2022 16:45

Այսօր` հունիսի 25–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 22 անդամները, որից 4-ը՝ հեռավար: Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է. «Այս տարի մեր հանդիպման առիթը կրկնակի տոնական է՝ լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե չունի նմանօրինակը: Այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի Հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունն անբասիր պահելուն»: Համաձայն օրակարգի, նիստի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականին գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի տարեկան հաշվետվության լսումը, որի ընթացքում ներկայացվեցին Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը: Հաստատվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի տարեկան ֆինանսական և 2021թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Քննարկվեց Հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրության նախագիծը, որոշվեց լրամշակելու նպատակով ստանալ և ամփոփել առաջարկությունները և նախագիծը ներկայացնել խորհրդի հաստատմանը առաջիկա նիստի ընթացքում: Նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները: «Հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ, բոլոր որոշումներն ընդունվեցին միաձայն»,–նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում հայրենիքի զորացման գործում:

Lragir.am,
25-06-2022 16:45