Զենքը Ուկրաինա է հասնում աննախադեպ արագությամբ․ Քիրբի

25-06-2022 18:49

Պենտագոնի նախկին խոսնակ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները ռեկորդային արագությամբ են ընթանում: Այս մասին նա ասել է Ամերիկայի ձայնի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում: Մեկնաբանելով հայտարարությունները, թե օգնությունը բավականաչափ արագ չի հասնում Ուկրաինա, Քիրբին նշել է. «Համակարգերը արդեն փոխում են իրավիճակը ռազմադաշտում: Եվ  այդ մասին ձեզ կասեն նաեւ ուկրաինացիները: Խոսքը ոչ միայն համակարգերի, այլեւ զինամթերքի, հրազենի մասին է, որն ամեն օր կիրառվում է ռուսների դեմ մարտերում: Մենք ակնհայտորեն Ուկրաինայի ամենամեծ դոնորն ենք: Բայդենի վարչակազմի սկզբից ի վեր արդեն հատկացրել ենք գրեթե 7 միլիարդ դոլար: Եվ գրեթե 6 միլիարդ ներխուժման մեկնարկից: Ջո Բայդենը հասկացրել է, որ մենք շարունակելու ենք տրամադրել այս օգնությունը»: Քիրբիի կարծիքով՝ զենքը Ուկրաինա է հասնում աննախադեպ արագությամբ: «Կարծում եմ, որ ապագա տրանշներում դուք կտեսնեք HIMARS-ի նման համակարգեր, դա շատ հավանական է», – ասել է Քիրբին: «Դրանք առավելություն են տալիս ուկրաինացիներին ռուսական զորքերից մեծ հեռավորության վրա»,- հավելել է նա:

Lragir.am,
25-06-2022 18:49