ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Լավրովի ու Բայրամովի հայտարարությանը եւ հիշեցրել Պուտինի հետ համատեղ հռչակագիրը

25-06-2022 20:02

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ  ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որում առաջնորդները ոչ միայն շեշտում էին ռուսական խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Արցախում անվտանգության ապահովման գործում, այլև հաստատում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործընթացում: ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ 2022 թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետով Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը մտքեր էին փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի մասին: «Առաջնորդները արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», – մեջբերել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Այս համատեքստում Վահան Հունանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը: Նշենք, որ Օրերս Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը եւ Բայրամովը հայտարարել էին, որ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը:

Lragir.am,
25-06-2022 20:02