Գազ, էլէներգիա, ներմուծվող ապրանքներ․ գները կնվազե՞ն

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Պարոն Թունյան, դուք բարձրացրել էիք հարցը, որ դոլարի արժեզրկման պայմաններում պետք է վերանայել ու նվազեցնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Ի՞նչ քննարկումներ կան այդ հարցով: Մեզ մոտ թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ի թիվս այլ գործոնների, ընկած է նաև փոխարժեքը: Գազի դեպքում այս գործոնը շատ ավելի մեծ կշիռ ունի, հոսանքի դեպքում՝ մասնակի: Եվ եթե դոլարի փոխարժեքը նվազում է, հետևաբար, սակագինը դեպի ներքև վերանայելու հնարավորություն կա: Նախկինում, երբ դրամն արժեզրկվում էր, այդ հիմնավորմամբ սակագինը վերանայվել է ու բարձրացվել: Բայց այստեղ հարցը հետևյալն է՝ դրամի ներկայիս արժևորումը որքանո՞վ է երկարաժամկետ: Եթե կարճ ժամկետով է, և հետագայում մենք կարող ենք հակառակ պրոցեսին ականատես լինել, կարծում եմ, կարճաժամկետ հատվածի համար վերանայումն իմաստ չունի: Բայց եթե որոշ ժամանակ անց վերլուծություններն ու զարգացումները ցույց կտան, որ փոխարժեքն արդեն կայունացել է այս տիրույթում, այդ դեպքում արդեն պետք է հայտ ներկայացնել: Այսինքն՝ քննարկումներ ընթանում են, բայց մենք հիմա սպասում ենք, որպեսզի տեսնենք, թե իրավիճակն ինչ ուղղությամբ է ընթանում: Վերլուծելով առկա իրավիճակը՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք, դրամի արժևորումը կշարունակվի՞: Այս իրավիճակի գլխավոր առանձնահատկությունը հենց այն է, որ ամեն ինչ շատ անորոշ է ու դժվար կանխատեսելի: Եվ այդ անորոշության ամենամեծ ինդիկատորներից մեկն այն է, որ դոլարի գնման ու վաճառքի գների տարբերությունը բավական մեծ է: Սա խոսում է անորոշության մասին: Այս իրավիճակը մեզնից կախված չէ, սա պայմանավորված է միջազգային զարգացումներով, ռուս-ուկրաինական պատերազմով, դրա հետևանքով դեպի Հայաստան կապիտալի որոշակի ներհոսքով: Թե ինչ զարգացումներ կլինեն, սա որքան կտևի, որևէ մեկն այսօր չի կարող ասել: Բայց հիմա կարող ենք ասել, որ փոխարժեքի որոշակի կայունացում կա 410 դրամի սահմաններում: Տնտեսության վրա սա ինչպե՞ս է ազդում, մասնավորապես, արտահանողներից կան ահազանգեր, որ վնասներ են կրում: Արդյոք կառավարությունն աջակցության ծրագրեր չպե՞տք է իրականացնի: Դրամի արժևորումը երկու հետևանք ունի՝ դրական ու բացասական: Դրականն այն է, որ ներմուծվող ապրանքների դեպքում գնաճը զսպում է: Եթե դրամի արժևորումը երկարաժամկետ լինի, նաև ներմուծվող ապրանքների գնանկում պետք է տեղի ունենա: Իսկ արտահանողների համար սա բացասական ազդեցություն է ունենում, իրենց մրցունակությունը նվազում է: Բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե մենք ո՞ր արտահանողներին նկատի ունենք, որովհետև դեպի Ռուսաստան արտահանողների մոտ նման խնդիր չկա՝ դրամ-ռուբլի փոխարժեքը էապես չի փոխվել: Հակառակը, դեպի Ռուսաստան մեր արտահանողներն ավելի շահեկան վիճակում են հայտնվել: Այստեղ դոլարային արտահանողների մասին է խոսքը, և Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ այդ մասին խոսակցություն գնաց: Նշվեց, որ պետք է իրականացվի համապարփակ վերլուծություն, որպեսզի մենք հասկանանք, թե որ ուղղություններով ու որ ապրանքախմբերի գծով է, որ մեր տնտեսվարողների մոտ խնդիրներ են առաջացել, և եթե հարկ լինի, իրենց թիրախային օգնություն կցուցաբերվի: Այդ հարցը քննարկվում է, և եթե պետության միջամտության անհրաժեշտությունը լինի, այդ միջամտությունը միանշանակ լինելու է: Դուք ասում եք, որ ներմուծվող ապրանքներն այս պայմաններում պետք է էժանանան, բայց Հայաստանում գնանկում չի արձանագրվում, ինչո՞ւ: Սովորաբար գները հեշտ բարձրանում են, բայց իջնելուց այդպես հեշտ չեն իջնում: Այստեղ մի քանի գործոն է աշխատում: Առաջինը, ներմուծվող ապրանքները ոչ թե այսօր են ներմուծվել, այլ որոշ ժամանակ առաջ, այսինքն՝ դրանք դեռևս թանկ փոխարժեքի ժամանակ ձեռք բերված ապրանքներն են: Երկրորդ, իրենց դեպքում բավական մեծ դեր են խաղում սպասումները: Այսինքն՝ եթե դոլարն արժեզրկվել է, իրենք կարող են էժան վաճառել, բայց չգիտեն՝ երբ հաջորդ խմբաքանակը պատվիրեն, այդ օրը փոխարժեքն ինչպիսին կլինի: Դրա համար իրենք իրենց անորոշությունը մեղմելու համար գների մակարդակը դեռևս բարձր են պահում: Երրորդ, չնայած փոխարժեքն իջել է, բայց ապրանքների գներ կան, որոնք հենց դոլարով կամ ռուբլիով թանկացել են: Այս երեք գործոններ են աշխատում: Բայց եթե դոլար-դրամ փոխարժեքի այս շեմը պահպանվի, որոշ ժամանակ անց անկասկած պետք է գների վրա անդրադառնա: Եթե նկատենք, որ օբյեկտիվորեն որոշ ապրանքախմբերի գծով պետք է գնանկում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել, այդ դեպքում կդիմենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ հասկանալու համար՝ այդտեղ գործ ունենք չհիմնավորված բարձր գների հե՞տ, թե՞ իրականում ուրիշ գործոններ էլ են աշխատել: Բայց ուղղակի միջամտություն պետությունը չի կարող անել, գնալ ու արտադրողին ասել՝ քո ապրանքն այսինչ գնով վաճառիր:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
25-06-2022 22:53