Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և անկախ տեսուչներ հրավիրել Կրեմենչուգ

29-06-2022 08:50

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը նիստ է անցկացրել Կրեմենչուգի առևտրի կենտրոնի վրա ռուսական հրթիռային հարձակման առնչությամբ: Զելենսկին կոչ է արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ ԱԽ-ից: «Չնայած Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները և միջազգային իրավական կարգը, այնուամենայնիվ, նա պատասխանատվության չի ենթարկվում, ներկա է ՄԱԿ-ի կառույցներում և օգտվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնություններից»,- ասել է նա: Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն իրավունք չունի մասնակցելու ուկրաինական պատերազմի հարցերի շուրջ կազմակերպության քննարկումներին ու քվեարկությանը: Նա նաև կոչ է արել սահմանել «ահաբեկչական պետության» իրավական կարգավիճակը: Նման կարգավիճակ ունեցող բոլոր երկրները պետք է պատժվեն, առաջարկել է Զելենսկին: «Կոչ եմ անում ահաբեկչական պետությանը զրկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր լիազորություններից: Դա անհրաժեշտ է: Դա արդար է: Ռուսաստանն իրավունք չունի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», ամփոփել է Ուկրաինայի նախագահը: Նա նաև արձագանքել է Կրեմենչուգում տեղի ունեցածի ռուսական պաշտոնական վարկածին և Կրեմլամետ լրատվամիջոցների տարածած վարկածներին: «Ես առաջարկում եմ ՄԱԿ-ին ուղարկել գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ կամ մեկ այլ ներկայացուցիչ՝ այցելելու դեպքի վայր և կարողանա հաստատել, որ դա իսկապես ռուսական հրթիռային հարձակում էր», – ասել է նա:

Lragir.am,
29-06-2022 08:50