Թուրքական նվեր Պուտինին․ Սանկտ Պետերբուրգը եւ Կալինինգրադը՝ շրջափակման մեջ

29-06-2022 10:25

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիան չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացին: Երեք երկրների միջեւ ստորագրվել է համապատասխան հուշագիր, Անկարան հայտարարել է, որ իր պահանջները կկատարվեն, այն է՝ այդ երկրներում գտնվող «ահաբեկիչները» կարտահանձնվեն: Ֆինլանդիայի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ հուշագրում անուններ չեն նշվում, ինչը նշանակում է, որ թուրքական պահանջներն իրականում պատրվակ էին այլ խնդիրների համատեքստում: Հուշագրի ստորագրումից հետո հայտնի է դարձել, որ Բայդենը համաձայնել է հանդիպել Էրդողանի հետ, որին այդքան ձգտում էր Թուրքիայի նախագահը: Շվեդիան ու Ֆինլանդիան լուրջ համալրում են ՆԱՏՕ-ի համար մի շարք առումներով: Այս երկրներն ունեն զարգացած տնտեսություն եւ մարտունակ ու տեխնոլոգիապես հագեցած բանակներ, որոնք սովոր են գործել հյուսիսային պայմաններում: Նրանց անդամակցության պարագային ավելանում է ՆԱՏՕ-ի անդամների թիվը Բալթիկ ծովի շրջանում, որը դառնում է ՆԱՏՕ-ի յուրօրինակ «ներքին ծով»: Ռուսական երկու նավահանգիստները՝ Կալինինգրադ-Քյոնիգսբերգը եւ Սանկտ Պետերբուրգը, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեկուսացման են ենթարկվելու: Ուկրաինայի դեմ պատերազմում այդ թվում ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու նպատակ հռչակած Ռուսաստանը ստանում է հակառակը՝ ՆԱՏՕ-ի էական ընդլայնում եւ 1000-ից ավելի կմ անմիջական սահման ՆԱՏՕ-ի հետ: Ընդ որում, Շվեդիան եւ Ֆինլանդիան անդամակցում են հենց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով:

Lragir.am,
29-06-2022 10:25