Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ է հրավիրվել

29-06-2022 00:47

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննարկելու համար հրատապ նիստ է հրավիրվել: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ նիստը նշանակվել է վաղը՝ ժամը 12.00-ին, տեղեկացնում է Փաստինֆոն: «Հենց նոր դատավոր Մնացական Մարտիրոսյանի կազմից տեղեկացանք, որ 30.06.2022թ., ժամը 12:00-ին հրատապ դատական նիստ է նշանակվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը քննարկելու համար»,- գրել է Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես նշված է. «Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում: Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն: Ի թիվս այլ հիվանդությունների ախտորոշվել է՝ շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա: Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը եւ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»:

Lragir.am,
29-06-2022 00:47