Ռուսաստանի մենաշնորհը տարածաշրջանում վերացվում է․ մեկնարկել է «նոր Յալթան»

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը El Mundo թերթին տված հարցազրույցում պատմական է որակել Մադրիդում մեկնարկած ՆԱՏՕ-ի վեհաժողովը: «Երբ մենք դիտարկենք Մադրիդի վեհաժողովին պատմական հեռանկարում, այն լինելու է Յալթայի վեհաժողովի կամ Բեռլինի պատի փլուզման մակարդակի», ասել է Ալբարեսը: Իսպանացի նախարարն ասում է, որ աշխարհակարգը փոխվում է: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի պատմությունը: Ֆրանսիան և ԱՄՆ-ն, որոնք 44-օրյա պատերազմից հետո գրեթե փակեցին Մինսկի խումբը, կրկին սկսել են խոսել դրա վերակենդանացման մասին՝ որպես տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման միակ ձևաչափ: Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո՝ Բուչա, Մարիուպոլ և Կրեմենչուգ, Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, Կալինինգրադի մեկուսացում, Մոլդովայի հավանական միացում Ռումինիայի հետ, Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, միջուկային գործարքի վերսկսումը Իրանի և ԱՄՆ-ի միջև,- այս ամենից հետո մեր տարածաշրջանում ստատուս քվոն չի կարող նույնը մնալ․ այն հաստատվել է Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիայի և տարածաշրջանում հայկական պետական ​​իրավասությունը վերացնելու մտադրության արդյունքում: Մինսկի խմբի շուրջ պատմությունն ավելի մեծ գործընթացի մի մասն է. ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ն չճանաչեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը որպես վերջնական կարգավորում, քանի որ կարգավորման իրավասությունը, մանդատը չպետք է լինի Ռուսաստանի ձեռքին: Մադրիդի վեհաժողովը, որը համեմատվում է Յալթայի կոնֆերանսի հետ, պետք է մշակի խաղի նոր կանոններ: Այս կանոնները չպետք է ենթադրեն Ռուսաստանի մենաշնորհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը տարածաշրջանում այլեւս միակ որոշողը չէ 2020-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ գործողությունից ի վեր: Հայաստանի ղեկավարությունն ու խորհրդարանի «ընդդիմությունը» շտապում են ավարտին հասցնել այն, ինչ իրենց հանձնարարվել է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի «հետպատերազմյան կարգավորման» հարցում՝ հայ ժողովրդին հակադրելով համաշխարհային միտումներին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
29-06-2022 15:55