«Հայահավաք» նախագծի շրջանակում Երևանում ելույթ կունենա Կարո Ավեսյանը

29-06-2022 23:20

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա լիբանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը: Հունիսի 30-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա նախագծի համերգը: Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան):  Դիրիժոր՝ Կարո Ավեսյան (Լիբանան):  Ծրագրում՝Գուստավ Հոլստի Սբ. Պողոսի Սյուիտ, Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարային նվագախմբի եւ գոսերի համար ստեղծագործություններն են:  Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում: Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը:  Մեր օրերում կա հստակ գաղափարների շուրջ բոլոր հայերին միավորելու ձգտում՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական կյանքի վերաբերյալ տեսակետներից: Եվ ԿԵԱԿ թիմը վստահ է՝ այս ամենը կարող է ապահովել մշակույթը, որը մեր պատմության ծանրագույն շրջաններում իրականացրել է հենց միավորիչ գործառույթ: Նախագիծը ստեղծվել է հենց այս գաղափարախոսությամբ:  Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը:  Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Lragir.am,
29-06-2022 23:20