Հայաստանում բնապահպանական ամառային դպրոց կկազմակերպվի

29-06-2022 23:52

Հայաստանում կկազմակերպվի բնապահպանական ամառային դպրոց: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այս տարի ամռանը կիրականացնի Արևորդի բնապահպանական ամառային դպրոց նախաձեռնությունը: Դպրոցը նախատեսված է 12-15 տարեկան երեխաների համար: Դպրոցի շրջանակում երեխենարը կիմանան վայրի բնության մեջ գոյատևման գաղտնիքներ, կիրականացնեն ձիարշավներ ու հեծանվարշավներ անտառային հրաշալի արահետներով, կսովորեն ժայռամագլցում, կմասնակցեն քարանձավային քվեստի, ինչպես նաև մեդիագրագիտության, պրոֆեսիոնալ լուսանկարչության, կայուն ապրելակերպի աշխատարանների մասնակիցը կդառնան: Կկազմակերպվեն նաև ֆիլմերի դիտում-քննարկումներ, երգ ու պար: Դպրոցը կլինի եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, և դպրոցին հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն հայ, այլև արտասահմանցի փոքրիկները: «Բոլորովին ինքնատիպ լայնամասշտաբ ձևաչափ, որի շնորհիվ մենք երեխաներին փոքր տարիքից կսովորեցնենք սիրել ու պահպանել բնությունը, ինչպես նաև կփոխանցենք կարևոր գիտելիքներ: Կարևոր եմ համարում նման բնապահպանական ամառային դպրոցի կազմակերպումը, որը նախատեսում ենք դարձնել ամենամյա: Տեղեկացնեմ նաև, որ ունենք նմանատիպ դասընթացների իրականացման մեծ փորձ, սակայն նման մասշտաբի դասընթաց իրականացվում է առաջին անգամ»,-նշում է ‎Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Դպրոցի մասին տեսանյութ՝ https://www.facebook.com/fpwc.arm/videos/578664456937897

Lragir.am,
29-06-2022 23:52