Կասպիական ավազանի երկրների ղեկավարների հավաքին Պուտինը հանդիպել է Ալիեւի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը․ «ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թ. մեր համատեղ պլանը: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված: Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք նորից քննարկելու այս թեման: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել այն գաղափարների համար, որոնք դուք ձեւակերպեցիք մեր ոչ պաշտոնական շփման, ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ»․ Ալիեւին ասել է Պուտինը: Մոսկվայի ու Բաքվի համատեղ ծրագրերն արագացվել են, ինչն անկասկած կապված է Ռուսաստանի համար Ուկրաինայի դեմ պատերազմի ներքին ու արտաքին խնդիրների սրմամբ: Մոսկվան Բաքվի ու Անկարայի հետ ձեւավորում է տնտեսա-քաղաքական դաշնություն, ցամաքային ուղիղ կապով, ներգրավելով նաեւ կասպյան ավազանի երկրները, ինչը Մոսկվան դիտարկում է որպես հնարավորություն անվտանգային խնդիրները կարգավորելու եւ պատժամիջոցները շրջանցելու համար: Կարիք չկա եւս մեկ անգամ մանրամասնել, որ դա արվում է Հայաստանի հաշվին: Ամեն ինչ մակերեսին է: Դրա վկայությունն են Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի կուսակցի՝ Մոսկվային հրապարակավ ինչ որ խոստումների եւ պարտավորությունների հիշեցումները, ինչպես նաեւ ռուսանպաստ ագենտուրայի ու մամուլի այս օրերի քարոզչական դրույթները եւ մատնագրերը: Պուտինը Ալիեւին խոստանում է հանել վերջին խնդիրները համատեղ պլանի իրագործման ճանապարհին, որոնք կապված են Արցախի եւ միջանցքների, ինչպես նաեւ ՀՀ տարածքի մի զգալի մասի օտարման հետ: Հայաստանյան իշխանությունն իրագործում է այդ պլանները ռուսանպաստ «ընդդիմության» հետ ձեռք ձեռքի, որը «դիմադրություն շարժում» է ծավալել նոյեմբերի 9-ի թղթին հավատարմության շրջանակում: Թե ում եւ ինչին է դիմադրում՝ թերեւս պարզ է դարձել բոլորին: Ռուս-թուրքական պլանները խորտակվելու են․ խնդիրն այն է՝ ում հաշվին, եւ ամենագլխավորը՝ ինչ է իր համար որոշել հայ ժողովուրդը՝ մնում է թշնամական քարոզչության թմբիրի տա՞կ, թե իր ձեռքն է վերցնում իր ճակատագիրը: