Ստորագրվեց ՀՀ-ում կանաչ ջրածնի արտադրության 1-ին ցուցանմուշի կառուցման համար համագործակցության համաձայնագիր

30-06-2022 09:20

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) եւ HyGreenCo ընկերությունը (French group Solges-Energy-ի դուստր ձեռնարկություն) ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ ստորագրեցին Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության սմարթ ցանցի առաջին արդյունաբերական ցուցանմուշի կառուցման շուրջ համագործակցության համաձայնագիր՝ ինտեգրելով կանաչ ջրածնի արտադրության ողջ շղթան: Արդյունաբերական այս ցուցանմուշը, որ մշակվել է «Ֆրանսիական հետազոտական ինստիտուտներ եւ լաբորատորիաներ»-ի կողմից, էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա կմատակարարի Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին, իսկ այնուհետ նաեւ Դեբետ գյուղին: Արեւային կայանն արտադրելու է էլեկտրաէներգիա, որը սնելու է կանաչ ջրածին արտադրող ֆրանսիական տեխնոլոգիայով ստեղծված էլեկտրոլիզերը: Արտադրված եւ պահեստավորված ջրածինն այնուհետ կամ կմատակարարվի ջրածնային կայան, կամ կվերափոխվի էլեկտրաէներգիայի, ինչի արդյունքում սպառողները կստանան էլեկտրաէներգիա առանց CO2 արտանետումների: Վերականգնվող էներգիայի արտադրման այս նորարարական գործընթացը լուծում է ընդհատումների խնդիրը, որն առկա է արեւային էներգիայից եւ քամուց էլեկտրաէներգիայի ստացման ընթացքում: Այս ցուցանմուշը հետագայում  տեխնոլոգիապես կզարգանա, եւ կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի այս տեխնոլոգիան լայնամասշտաբ կերպով կիրառվի Հայաստանում: Հետեւելով ածխածնային չեզոքության մոտեցմանը՝ Ֆրանսիան ջրածինը դիտարկում է որպես ապագայի էներգիայի աղբյուր եւ աշխարհում լավագույնն է վերջինիս արտադրման ու փոխակերպման տեխնոլոգիաների արտադրության ոլորտում: Հայաստանն էլ իր հերթին ունի պարտավորություն՝ նվազեցնելու ածխածնի իր արտանետումները եւ ստեղծելու օրինակելի կանաչ տնտեսություն: Ֆրանս-հայկական այս համագործակցությունը մի կողմից թույլ կտա ֆրանսիական ընկերություններին զարգացնել իրենց տեխնոլոգիաները մաքուր էներգիայի՝ մասնավորապես ջրածնի արտադրության ոլորտում, մյուս կողմից կօգնի Հայաստանին աշխարհում զբաղեցնել ածխածնի արտանետումների ցածր մակարդակ ու զարգացող կանաչ տնտեսություն ունեցող երկրների շարքում: Այս նախագիծը «Ֆրանսիա-Հայաստան հավակնություններ» ճանապարհային քարտեզի, որ ստորագրվել է Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ 2021թ. դեկտեմբերի 9-ին, առաջին ձեռքբերումներից է: Ստորագրված ճանապարհային քարտեզի նպատակն է խորացնել երկու երկրների համագործակցությունը կայուն զարգացման ու նոր տեխնոլոգիաների ոլորտում: Solges-Energy խմբի տնօրեն Արմեն Սեդեթյանը նշում է. «Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի զարգացնելու վերականգնվող էներգիայի ոլորտում ֆրանսիական տեխնոլոգիաները եւ ստեղծելու իրական արդյունաբերական ճյուղ՝ գործակցելով մեզ հետ համագործակցող եւ Ֆրանսիայում սարքավորումներ արտադրող կազմակերպությունների հետ: Մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանի՝ կանաչ տնտեսություն զարգացնելու նպատակի իրագործանն ու, օգտագործելով ֆրանսիական արդյունաբերական ներուժը, վերջինիս դարձնել տարածաշրջանի առաջին սմարթ եւ կանաչ պետությունը: Արդյունքում՝ Հայաստանը շատ շուտով կարող է տեխնոլոգիական առումով դառնալ հիանալի օրինակ Եվրասիական տնտեսական տարածքի, Իրանի ու Պարսից ծոցի երկրների համար»: ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ իր հերթին նշեց. «Շատ ուրախ ենք SOLGES-ENERGY խմբի հետ մեր համագործակցության համար, քանի որ վերականգնվող էներգիայի արտադրման նախագիծը եւս մեկ հավելում է ՍՄԱՐԹ կենտրոնի նորարարությանն ու կայուն զարգացման հնարավորություններին: ՔՈԱՖ-ը մշտապես եղել է կայուն զարգացման մոտեցման կրողը, ինչն էլ ապահովել է մինչ օրս իրականացրած նախագծերի ամբողջականությունը: Սա եւս մեկ հնարավորություն է մեզ համար՝ նպաստելու Հայաստանի իմիջի բարձրացմանը՝ որպես երկիր, որ հավատարիմ է վտանգավոր արտանետումների նվազեցման գլոբալ մոտեցմանը»:

Lragir.am,
30-06-2022 09:20