Ռուբլու «ամրապնդման» առասպելը․ ՌԴ բյուջեն ցուգցվանգում, աշխատավարձը կրճատվում է, մարդիկ՝ հեռանում

30-06-2022 11:29

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրեց Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենաուժեղ տնտեսական ճգնաժամին, գրում է BBC-ն: Գործակալությունն անդրադարձել է ռուբլու ամրապնդման խնդրին: Որքան ավելի ամրապնդվում է ռուբլին ու էժանանում են դոլարն ու եվրոն, այնքան ՌԴ-ում ավելի բարձր են խոսում այն ​​մասին, որ ինչ-որ բան պետք է անել փոխարժեքի հետ: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը խոստովանել է, որ ռուբլու «կայունացման» համար (թեև թվում է էլ ուր կայունանա ռուբլին), իշխանությունները կարող են սկսել արժութային ինտերվենցիաներ: Այսինքն՝ կառավարել փոխարժեքը՝ ռուբլով գնել «բարեկամ երկրների» արժույթը՝ ռուբլու թուլացման համար: Սիլուանովը խոստովանել է՝ սա «ծանր հրետանու» վերջին գործիքն է, մնացածն արդեն օգտագործվել է: Նախարարը պատրաստ է փող չխնայել ինտերվենցիաների համար՝ «բոլոր եկամուտները՝ ծախսերի համար» սկզբունքով: Դա բյուջեն դնում է ցուգցվանգի առաջ, կամ պետք է գնալ ինտերվենցիաների եւ կորցնել անսական միարդավոր դոլարներ, կամ շարունակել էժան դոլարի պայմաններում եւ կրկին փող կորցնել, քանի որ Ռուսաստանին էներգակիրների համար վճարում են արժույթով, իսկ բյուջեում հարշվարկվում է ռուբլով: Տնտեսական զարգացման նախարարությունը և Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան առայժմ դեմ են ինտերվենցիաներին, գտնելով, որ այդ դեպքում ռուբլին կախվածություն կունենա արժույթներից: Իսկ դա արժեզրկման ուղիղ ճանապարհ է: Ռուբլու ամրապնդումը խնդիր է դարձել ռուսական իշխանությունների ու ռուսական բիզնեսի համար: «Ռոսստատ»-ը զեկույց է հրապարակել վերջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ: 2021 թվականի ապրիլից մինչև 2022 թվականի ապրիլը ռուսաստանցիների իրական աշխատավարձը, հաշվի առնելով գնաճը, նվազել է 7,2%-ով: Նվազել է նաեւ ռուսների թիվը՝ տարեսկզբից երկրի բնակչությունը նվազել է 375,4 հազար մարդով, որից 64,2 հազարը լքել է երկիրը:

Lragir.am,
30-06-2022 11:29