Կառավարությունը հաստատեց ՀՀ 2023-2025 թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

30-06-2022 11:42

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, կառավարության 2021-26 թվականների ծրագրին համահունչ 2023 թվականին և հաջորդող տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: «Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման և այդպիսով մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում: Մեր նախնական գնահատականով՝ հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավումը: Մասնավորապես, կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60․2 տոկոսի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23․4 տոկոսը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափերով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը»,- մանրամասնեց նախարարը: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա հինգ ամիսների ընթացքում գրանցված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10․2 տոկոս, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս աճով: Դեռևս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչը, նրա խոսքով, առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների և ծառայությունների գների զգալի բարձրացմամբ: «Չնայած այն հանգամանքին, որ շարունակում են բարձր մնալ արտաքին տնտեսական միջավայրի հետ կապված անորոշությունները և դրա հետևանքով Հայաստանին փոխանցվող ռիսկերը, մեր ընդհանրական գնահատականն այն է, որ այսօրվա դրությամբ առկա են բավարար նախադրյալներ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական արդյունքային ցուցանիշները կառավարության ծրագրի գերակայություններին համահունչ պլանավորելու համար: Մասնավորապես, գալիք երեք տարիների տնտեսական աճի թիրախը սահմանված է 7 տոկոս: Միջնաժակետում թիրախին հասնելու նպատակին կնպաստի առաջիկա երեք տարիների ընթացքում ավելացվող կապիտալ ծախսեի ծավալը, որոնք այս տարավ համար ծրագրված ՀՆԱ-ի 4,5 տոկոսից կբարձրանան և 2025 –ին կգտնվեն ՀՆԱ-ի 6 տոկոսի սահմաններում: 2023-25 թվականների ընթացքում պետական բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը կգտնվի ՀՆԱ-ի 28 տոկոսի սահմաններում: Կշարունակեն ավելանալ պետական բյուջեի եկամուտները, դրանք 2022 թվականի համար ծրագրված ՀՆԱ-ի նկատմամբ 23․4 տոկոսից կաճեն և 2025-ին կգտնվեն 24․8 տոկոսի սահմաններում: Երկրորդ էական փոփոխությունն այն է, որ աստիճանաբար կնվազի փոխառու միջոցների հաշվին ծախսերի ֆինանսավորումը: Պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3 տոկոս մակարդակից կկրճատվի և 2025 թվականի ավարտին կգտնվի ՀՆԱ-ի 2․5-2․7 տոկոսի սահմաններում: Համապատասխանաբար տեղի կունենա կառավարության պարտքի ցուցանիշների բարելավում, և ծրագրի վերջին տարվա ընթացքում այն ՀՆԱ-ի նկատմամբ կգտնվի 55-56 տոկոսի սահմաններում»,- նշեց նա: Տիգան Խաչատրյանն անդրադարձավ նաև ոլորտային հատկացումներին: Կրթության ու առողջապահության ոլորտներում ծախսերի ավելացումը կատարվելու է այնպիսի չափով, որպեսզի այս երկու ոլորտներին հատկացվող ֆինանսավորման հանրագումարը 2025 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ կազմի 4․3 տոկոս: Նախատեսվում է ավելացնել սոցիալական ապահովության ծրագրերին ուղղվող ծախսերը: Արդեն 2023 թվականի ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11․3 տոկոսով: Դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների չափերը: Մանսավորապես, պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները կավելացվեն 33 մլրդ դրամով, ժողովրդագրական իրավիճակի բարելավման գծով ծրագրերին կհատկացվի 16․5 մլրդ դրամով ավելի գումար: Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2023 թվականին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար: նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացման ուղղել 17․3 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերը կավելանան 13․3 մլրդ դրամով: Գիտության գծով 2023 թվականի կհատկացվի 36․3 մլրդ դրամ՝ այս տարվա համեմատ ֆինանսավորումն ավելացնելով 6․2 մլրդ դրամով:

Lragir.am,
30-06-2022 11:42