Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ․ Արմեն Գրրիգորյան

30-06-2022 13:03

Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Միանշանակ սահմանային վերահսկողություն լինելու է: Մենք բազմիցս ասել ենք, որ բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ: Եվ մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ: Երբ մենք հայտարարում ենք, որ մեր մոտեցումները կամ դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն լինի: ՀՀ-ում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ, այդպիսի հարց երբեք չի քննարկվել»,- ասաց նա: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ապաշրջափակման հարցերը քննարկվել են և Մոսկվայում, և Բրյուսելում: «Եթե հիշում եք՝ երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Անցած տարվա նոյեմբերի 6-ին, երբ փոխվարչապետ Օվերչուկը գտնվում էր Հայաստանում, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Նույնը տեղի ունեցավ բրյուսելյան բանակցություններից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ միջանցք է քննարկվում, Եվրամիության խորհրդի նախագահ Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որևէ միջացնք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել և շարունակելու է սա մնալ»,- հավելեց նա: Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե «միջանցքն արդեն իրականություն է», Արմեն Գրիգորյանն ասաց, որ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա․ «Բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվում, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»:

Lragir.am,
30-06-2022 13:03