Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու ու զրկվելու են մանդատներից․ Ալեն Սիմոնյան

30-06-2022 15:15

Ընդդիմությունն ինչ գործողություն արել է՝ արել է ի վնաս իրենց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովի նախագահը հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին: Սիմոնյանի խոսքով՝ քննարկումներ եղել են նաև պատգամավորներին մանդատից զրկելու գործընթաց սկսելու մասին, սակայն կարծիքները կիսվել են: «Մեր գործընկերների մի մասը համարում է, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատից զրկվել են: Ի վերջո, քաղաքական գործչի ուժն ինչո՞ւմն է՝ իր խոսքի, իր գործողությունների, իր անցած ճանապարհի մեջ: Իրենք դուրս են եկել փողոց, ասել են, որ այլևս իշխանությունն այստեղ է, բայց հիմա գալու են խելոք այստեղ (Ազգային ժողովի դահլիճ- խմբ.) նստեն և քվեարկեն, կա՛մ չեն գալու նստեն: Դա արդեն օրենքը կորոշի, կամ քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու ու զրկվելու են մանդատներից: Մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ են: Իսկ եթե ավելի ազնիվ լինենք, ես ողջունում եմ Արթուր Վանեցյանի քայլը, ով ասեց, որ չի վերադառնալու և դրեց մանդատը: Իշխան Սաղաթելյանը չպետք է հարցազրույց տա ու հայտարարի՝ մենք գնում ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի, որ քաղաքական գործընթաց է սկսել, ընդունել է իր պարտությունը, հիմա  դնում է իր մանդատը: Դա քաղաքական գործչի քայլ է»,- ընդգծեց Սիմոնյանը: Հարցին՝ ինչո՞ւ հենց ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանին որոշեցին զրկել պաշտոնից, Սիմոնյանն արձագանքեց. «Ինչու Իշխան Սաղաթելյանն ընդդիմության առաջնո՞րդն էր. Սերժ Սարգսյանն անիծեց նրան այդ բառերով, ոչ թե ասաց (նշանակեց-խմբ.), այլ ճանապարհեց, շնորհակալություն դրա համար, պարո՛ն Սարգսյան: Երբ Իշխան Սաղաթելյանի ուսին տմբտմբացնում էին և ասում էին՝ դու ճիշտ ես, այդպես նրան բերեցին ու դրեցին զոհասեղանին»,-ասաց նա: Լրագրողի հարցին՝ քաղաքական դրդապատճառներո՞վ են որոշել պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին, Սիմոնյանն ասաց թե նրանց զրկել են ԱԺ նիստերից բացակայությունների և իրենց խոսելաձևի համար. «Շատ եք գերագնահատում այդ երկու անձնավորություններին, ովքե՞ր են իրենք քաղաքական առումով, գիգանտնե՞ր են: Վահե Հակոբյանը բացասական անցած ճանապարհ ունի, ու այնպես չի, որ այնպիսի մի հռետոր է, որ խոսում է՝ մարդիկ սկսում են իրեն կրկնել, Իշխան Սաղաթելյանն էլ ներդաշնակցական կռվի զոհ է: Իրենք ինչ արել են՝ արել են ի օգուտ մեզ և ի վնաս իրենց»,- եզրափակեց Սաղաթելյանը:

Lragir.am,
30-06-2022 15:15