Լիոնի Մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետին

30-06-2022 15:19

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ: Ամփոփելով համատեղ ծրագրերն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ կողմերը հստակեցրել են հետաքրքրություն ներկայացնող գործակցության ոլորտները: Մասնավորապես, Լիոնի և Լիոնի Մետրոպոլի առաջատար մասնագետների աջակցությամբ կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը երթևեկության կառավարման, Երևանի գլխավոր հատակագծի մշակման և փորձաքննության, ինչպես նաև լանդշաֆտային ձևավորման բնագավառներում: «Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքի հետ և անդամակցում է միջազգային ու տարածաշրջանային 8 կազմակերպության` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր: Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը՝ փորձի փոխանակումների և տեխնիկական աջակցության միջոցով: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում 2020թ. Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելուն ուղղված Ֆրանսիայի մոտ 100 ՏԻՄ-երի տրամադրած աջակցության համար»,- իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնվող բոլոր նոր ծրագրերի լիարժեք իրագործման գործում: «Երևանի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի միջև ձևավորված գործակցությունը տասնամյակների պատմություն ունի և այսօր մեզ համար մեծ պատիվ է էլ ավելի ընդլայնել գործընկերային կապերը: Մենք ընտրել ենք այնպիսի ուղղություններ, որոնք կարևոր են և խնդրահարույց: Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կկարողանանք լուծումներ տալ այդ խնդիրներին», – ընդգծել է Լիոնի Մետրոպոլի նախագահը: Լիոնի, Լիոնի Մետրոպոլի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործակցությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եռամյա՝ նոր ծրագրով: Նախագծի մշակումը կմեկնարկի 2023թ.:

Lragir.am,
30-06-2022 15:19