Տարօրինակ են Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները, թե գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ. Ռուբինյան

30-06-2022 16:56

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ իրենք գործընթացը կոորդինացնում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ռուբեն Ռուբինյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու: Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», ասաց Ռուբինյանը: Ռուբինյանը  վերահաստատեց, որ սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում: «Մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: Բայց նման գործընթացներում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է, եթե այդ քաղաքական կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» – ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունն ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է գործադրել գործուն քայլեր՝ նույնն ակնկալելով թուրքական կողմից: Նա հավելեց՝ այդ գործընթացը դեռ շոշափելի արդյունքներ չի տվել, բայց դա չի նշանակում, որ չի էլ կարող տալ: Նաև չի նշանակում, որ հաստատ տալու է: Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ Ռուբինյանն ասաց. «Այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս, նույնիսկ հակառակը՝ խանգարում են»: Ռուբինյանը վստահեցրեց. « «Զանգեզուրի միջանցք» հասկացություն գոյություն չունի մեր օրակարգում: Հայաստանը միջանցքային տրամաբանության որևէ նախագիծ, որևէ երևույթ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Բացի դրանից՝ Հայաստանում «Զանգեզուր» անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի»:

Lragir.am,
30-06-2022 16:56