«Հակամարտությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի իրացմանը». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի ելույթը միջազգային գագաթնաժողովում 

30-06-2022 17:38

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի` (Transforming Education Summit) հունիսի 27-30-ը Փարիզում ընթացող նախապատրաստական համաժողովում: Նախարարի տեղակալը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված կրթության փոխակերպման հարցերի շուրջ միջազգային մակարդակով այս քննարկումները Հայաստանի համար խիստ այժմեական են, քանի որ դրանք և սեպտեմբերին՝ կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող ազգային խորհրդակցությունները կսնուցեն մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները, ինչպես նաև կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացը:   Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ ազգային խորհրդակցությունների արդյունքում դեռևս կհստակեցվեն Հայաստանի  հանձնառությունները կրթության փոխակերպման առումով:  Այս համատեքստում նա առանձնացրել է մի շարք կարևոր շեշտադրումներ, որոնք առկա են կրթության բարեփոխումների հիմքում և ներդրվելու են նշված հանձնառություններում: Մասնավորապես Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է որակյալ և մատչելի կրթության հասանելիությունը, կյանքի բոլոր փուլերում կրթության իրավունքի իրացումը: Փոխնախարարը փաստել է, որ գիտելիքի կողքին շեշտադրվում են նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորումը, հմտությունների զարգացումը: Այնպիսի գիտելիքներ և հմտություններ, ինչպիսիք են՝ մեդիագրագիտություն, կիբերգրագիտություն, ֆինանսական գրագիտություն, ակտիվ քաղաքացիություն, հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ և այլն, որոնք այժմ սովորողները ստանում են հիմնականում ոչ ֆորմալ կրթության միջոցով, պետք է տեղ գտնեն ֆորմալ կրթության մեջ:  Նշելով, որ կրթության ռազմավարության առանցքային մոտեցում է սովորողակենտրոն մոտեցումը, Ա․ Մարտիրոսյանը փաստել է, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ իրենց տարիքից, աշխարհագրական հեռավորությունից:  «Սա ենթադրում է բոլորի համար որակյալ կրթության հասանելիություն, այդ թվում նաև Հայաստանի հեռավոր և մեկուսացված համայնքներում: Մենք պետք է ապահովենք կրթության իրավունքը և կրթության շարունակականությունը՝ անկախ քաղաքական կոնֆլիկտներից և ճգնաժամային իրավիճակներից»,- ընդգծել է նա: Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի լիարժեք իրացման առաջնահերթության խնդրին: «Անդրադառնալով կոնֆլիկտային իրավիճակներում կրթության իրավունքի վերաբերյալ տիկին Օդրի Ազուլեի՝ առավոտյան նիստում հնչեցրած խոսքերին՝ հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում սովորողների կրթության իրավունքի վրա: Իհարկե, հակամարտությունն ակտիվ փուլում չէ, ինչպես 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք կրթության իրավունքն ապահովելու համար՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ և ջանք կպահանջի հակամարտության երկարաժամկետ հանգուցալուծման ուղիների փնտրտուքը»,- ընդգծել է ԿԳՄՍ փոխնախարարը: Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև կրթական համակարգի արդյունավետության բարձրացման, աշխատաշուկայի պահանջների բավարարման, կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառելիության խնդիրներին, առանձնացրել կրթության փոխակերպման դերը մարդկային կապիտալի զարգացման, ներառական և կայուն տնտեսական աճի, դիմակայուն հասարակության ձևավորման համատեքստում:  «Մենք վճռական ենք՝ շարունակելու խորհրդատվությունները բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ նաև երիտասարդության հետ՝ բացահայտելու կրթության փոխակերպման քաղաքականության միջամտությունների ոլորտները, որպեսզի սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ունենանք կրթության փոխակերպման ճանապարհային քարտեզը»,- ամփոփել է փոխնախարարը: Համաժողովի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է հասարակական և հումանիտար գիտությունների գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ և քննարկել երիտասարդության ոլորտում քաղաքականության մշակման ու զարգացման շրջանակում համագործակցությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերը նշված հարցում կրկին վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթական համակարգերի բաժնի տնօրեն Բորհեն Չակրունին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումներ էր ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր:  ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Lragir.am,
30-06-2022 17:38