Ամենավատը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ

30-06-2022 17:44

Մադրիդում ՆԱՏՕ-ի վեհաժողովն իր նշանակությամբ փորձագետները համեմատում են Յալթայի 1945-ի կոնֆերանսի եւ Բեռլինի պատի փլուզման հետ: Վեհաժողովի ամփոփիչ բանաձեւում Ռուսաստանը որակվել է որպես սպառնալիք՝ դրանից բխող հետեւանքներով: Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բանաձեւում հիշատակվում է Չինաստանի մարտահրավերը: Ըստ էության, Մադրիդի վեհաժողովը «հետպատերազմյա կարգավորման», նոր աշխարհակարգի ձեւավորման հայտ է, որտեղ չկա Ռուսաստանի սուբյեկտությունը: Հենց սա նկատի ունեին Կրեմլում ու ՌԴ-ում, երբ հայտարարում էին, որ նոր աշխարհակարգը հնարավոր չէ առանց ՌԴ-ի, եւ նաեւ դրանով են բացատրում Ուկրաինայի դեմ պատերազմը: Սակայն սա չէ ամենավատը, որ Մոսկվայի համար արձանագրվեց Մադրիդում: ՆԱՏՕ-ի վեհաժողովը ցույց տվեց, որ նախեւառաջ Արեւմուտքում հաղթահարվել է վախը Ռուսաստանից ու մասնավորապես նրա միջուկային սպառնալիքներից: Նախկինում Արեւմուտքը հակված էր ՌԴ հետ համագործակցության, տեղի տալով նրա պահանջներին ու քմահաճույքներին, «խուսափելու համար ավելի վատից»: Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի դեմ պատերազմը պայթեցրեց ռուսական պետության եւ նրա բանակի հզորության շուրջ հյուսված առասպելը: Ռուսաստանի՝ տասնամյակներով ձգվող ահաբեկման, շանտաժի, ագրեսիվ քարոզչության, արեւմտյան գործիչների կոռումպացման, կոմպրոմատների, լոբբինգի քաղաքականությունը փլուզվեց: ՆԱՏՕ-ի վեհաժողովին հնչած հայտարարությունները եւ ելույթները դրա վկայությունն են: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ռուսները ձգտում էին Եվրոպայի ֆինլանդացման (նկատի է առնվում չեզոքության եւ անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերում ՌԴ-ին «հաշվետվողականության» իրավիճակը), բայց ստացան նատօ-ացում: Պուտինի «մաչոյականության» շուրջ կատակները նույնպես վերաբերմունքի փոփոխության վկայություն են: Աշխարհում հասկացել են, թե ում հետ իրականում գործ ունեն՝ ի դեմս Պուտինի շրջապատի․ սրանք քաղաքական գործիչներ չեն եւ դուրս են քաղաքական էթիկայի ու վարքի ընդունված կանոններից, եւ նրանց հանդեպ համապատասխան վերաբերմունք է լինելու: Ջոնսոնը ավելի բաց գտնվեց իր գնահատականներում ու Պուտինին համարեց «իզգոյ»: Եվրոպայում այն ուժերը, որոնք հակված էին Պուտինի հետ երկխոսության, աստիճանաբար նվազում են:

Lragir.am,
30-06-2022 17:44