Թուրքիայի հրետակոծության հետևանքով Իրաքում խաղաղ բնակիչներ են զոհվել

21-07-2022 14:13

Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են:  Հրետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են: Թուրքիան  հերքել է Իրաքի կողմից հնչող այն մեղադրանքները, ըստ որի՝  հարձակումը իրականացրել են թուրքական զինված ուժերը, փորձելով հարձակման մեղքը բարդել քուրդ զինյալների վրա, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ: Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Մենք Իրաքի կառավարության պաշտոնյաներին կոչ ենք անում ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցության տակ հայտարարություններ չանել և համագործակցել այս ցավալի  միջադեպի իրական մեղավորներին բացահայտելու համար»: Միևնույն ժամանակ համացանցի թուրքական և արաբական տիրույթում տարածվել են հրետակոծության կադրերը, որոնք լայն արձագանք են գտել: Թեմային արձագանքել է նաև Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին իր Twitter-ի էջում: Նա երկրում հայտարարել է սուգ և տեղեկացրել, որ պաշտոնական Բաղդադը հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին: Միևնույն ժամանակ տեղեկություններ կան , որ  Բաղդադում այդ թվում թուրքական դեսպանատան դիմաց տեղի են ունենում Թուրքիայի դեմ բողոքի ակցիաներ, գրում է ermenihaber-ը:

Lragir.am,
21-07-2022 14:13