Համավարակի ուժգնանալու միտում կա, աշնանը կարող է ավելի սրվել

Lragir.am-ի զրուցակիցն է Առողջապահության նախարարության՝ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Հայրումյանը Պարոն Հայրումյան, կովիդի դեպքերը Հայաստանում աճում են, ի՞նչ իրավիճակ է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդների հոսք ունենք: Եթե 2-3 ամիս ընդհանրապես հիվանդ չունեինք, արդեն 4-5 հիվանդ ունենք վերջին օրերին: Որպես կանոն՝ դեռևս թեթև ընթացք ունեցող դեպքեր են հանդիպում: Ըստ հետազոտությունների՝ «օմիկրոն» շտամն է տարածված: Հիվանդությունն ավելի թեթև ընթացք ունի, բայց դա չի նշանակում, որ ավելի ծանր դեպքեր չեն լինելու: Հստակ մի օրինաչափություն կա՝ ովքեր պատվաստված են, շատ թեթև են տանում, դա հստակ է: Կան հաստատված հետազոտություններ, որ նրանք, ովքեր պատվաստվել են խթանիչ դեղաչափով, իրենց մոտ նույնիսկ «օմիկրոն» շտամի դեպքում արդյունավետությունը բարձր է: Եթե համավարակի հերթական ալիքը լինի, հոսքերը մեծանան, առաջնային օղակը պատրա՞ստ է մարդկանց պատշաճ սպասարկել: Այո, մենք արագ թեստերն ունենք, իրականացնում ենք թեստավորում: Նաև նախարարի հրամանը կա՝ ուղղված ստացիոնար կենտրոններին, որ ովքեր սուր շնչառական վարակի ախտանիշներ ունեն, ևս պետք է նրանց թեստավորեն: Այսինքն՝ թոքաբորբերով, սուր շնչառական վարակների ախտանիշներով դիմածներին հիվանդանոցներում պետք է թեստավորում անեն: Հիվանդությունը սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ ունի՝ քթահոսություն, հազ, կորոկորդի ցավ, ջերմություն, մկանային ցավ: Այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ կորոնավիրուսը սեզոնային սովորական վիրուսի է վերածվել: Դեռևս մինչև հիմա այդպես է ընթանում, իսկ թե հետագայում ինչպես կփոխվի, ոչ ոք չի կարող կանխատեսել: Ինչպես բոլոր վիրուսները, սա էլ անընդհատ մուտացիաների է ենթարկվում: Կա հետազոտություն, որ եթե պատվաստվածության մեծ շեմ ունենանք ամբողջ աշխարհում, դա էլ կնպաստի, որ և հիվանդությունն ավելի մեղմ ընթացք ունենա, և էականորեն նվազի: Այսօր տպավորություն է, որ վիրուսը թուլացել է, բայց, կրկնում, եմ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե այդ վիրուսը հաջորդ անգամ ինչ մուտացիայի կենթարկվի: Հայաստանում համավարակի հերթական ալիքն է, և այն կարո՞ղ է ուժգնանալ: Իհարկե, ուժգնանալու է, միտումն արդեն կա: Նաև նախարարության հրապարակած տվյալներից էլ է երևում, որ դեպքերն օրեցօր ավելանում են, և աշնան սեզոնին իրավիճակը կարող է ավելի սրվել: Բացի այդ, հիմա տուրիզմի սեզոն է, շատերը այլ երկրներից վիրուսը բերել են, նաև տուրիստների մեծ հոսք կա դեպի Հայաստան: Հետևաբար, մարդիկ պետք է պահպանեն կանոնները: Թվում է, թե առանձին վերցված որևէ միջոց շատ մեծ արդյունավետություն չունի, բայց, օրինակ, ապացուցված է, որ սոցիալական հեռավորության պահպանումը 13-27 տոկոսով պակասեցնում է վարակելիությունը: Եվ նույն ազդեցությունն էլ ունեն դիմակների կրումը, ձեռքերի հիգիենան ապահովելը, մեկուսացման ու կարանտինի պայմանների պահումը, պատվաստումները: Այդ բոլորը միասին ավելի պաշտպանվածություն են ստեղծում: Ինչքան շատ այդ միջոցները զուգակցվեն իրար հետ, այնքան արդյունքն ավելի լավ կլինի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
29-07-2022 23:00