Կրթության ոլորտում մեծ հաջողության հասած երկրներն ասում են՝ կարող եք ուսումնասիրել մեր համակարգը, բայց հանկարծ չփորձեք նույն բանն անել ձեր երկրում

Lragir.am-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Պարոն Խաչատրյան, կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Այն մինչև 2030 թվականը սահմանում է հետևյալ ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում: Ի՞նչ խնդիրներ կլուծի այս ծրագիրը: Իհարկե, լավ բաներ են գրված՝ ներառականություն, արդյունավետություն և արտահանում: Ներառականության մասով ասեմ, որ դա շատ կարևոր է, բայց շատ-շատ ռեսուրսներ է պահանջելու: Մեզ մոտ 2014-2015 թվականից սկսվել է ներառականության պրոցեսը, և կոնկրետ Տավուշի մարզում բավական երկար ժամանակ է ներդրված է: Բայց այսօր ուսուցիչների ճնշող մեծամասնությունը չի ընդունում, այսինքն՝ համարում է, որ դա չի աշխատում: Նույնիսկ այն ուսուցիչները, որոնք սկզբից ներառված են եղել գործընթացում, խնդիրներ են տեսնում: Հետևաբար, եթե դա համակարգային ծրագիր է դառնում, խնդիրն ավելի բարդանում է, պետք է փորձեն լուծել: Արդյունավետության բարձրացումը ևս կարևոր է, որովհետև կրթության համակարգը պետք է արդյունավետ գործի: Այստեղ ես խնդիրներ եմ տեսնում, հիմա փորձ է արվում որոշ խմբերի՝ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել, բայց, ցավոք, ոչ բոլորի համար: Դա մեծ խնդիր է, օրինակ, պատմության ուսուցիչն ասում է՝ ինչո՞վ եմ վատը, որ իմ աշխատավարձը չեք բարձրացնում, ֆիզիկայի ուսուցչի աշխատավարձն եք բարձրացնում: Արդեն իսկ այսօրվա քաղաքականության մեջ կան նաև հականերառական տարրեր: Արդյունավետությունը կարևոր է, այստեղ նախարարությունը պետք է փորձի իր կազմակերպչական կարողությունները ավելացնել, որ երբ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, արդյունավետ լինեն դրանք, ոչ թե ձևի համար անեն: Կարևոր է, թե այդ աշխատանքը վերջում ինչի է բերում: Այստեղ շատ-շատ անելիքներ կան, որովհետև այսօր Հայաստանում մարդիկ ավելի շատ շեշտը դնում են երևացող, շոույի տարրեր պարունակող երևույթների վրա, քան ավելի կարևոր, բայց այդքան էլ չերևացող երևույթների վրա: Եվ, վերջապես, երրորդ ռազմավարական ուղղվածությունը՝ կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում: Ես սա չեմ ընդունում, նախարարությանը կառաջարկեի ընդհանրապես հանել այս ուղղվածությունը: Մասնագետների ճնշող մեծամասնությունը չի ընդունում դա: Կրթության ոլորտում մեծ հաջողության հասած աշխարհի զարգացած երկրներն ասում են՝ կարող եք ուսումնասիրել մեր համակարգը, բայց հանկարծ չփորձեք նույն բանն անել ձեր երկրում, դա երբեք չի աշխատի: Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները: Կրկնում եմ, դրանք այն երկրներն են, որոնք առաջատար են, իսկ մենք անգամ առաջատար էլ չենք, ի՞նչ ենք արտահանելու: Որպես օրինակ բերվում է Թումոն, բայց նախ Թումոն մասնավոր նախաձեռնություն է, երկրորդ, եթե աշխարհի տարբեր երկրներում բացվում են Թումոյի մասնաճյուղեր, դա դեռևս չի նշանակում, որ Հայաստանի կրթությունը միջազգայնացվեց: Նախ եկեք մենք Թումոյի փորձը մեր մյուս հաստատություններում օգտագործենք, հետո նոր ուրիշների խորհուրդ տանք, որ իրենք էլ անեն: Այսինքն՝ մենք դեռևս մեր երկրի ներսում Թումոյի փորձը չենք տարածել: Մասնագիտական տեսանկյունից նման բան գրելը ճիշտ չէ, որովհետև ոչ մի երկիր չի ասելու՝ եկեք Հայաստանի ռեֆորմները ներկրենք մեր երկիր: Կրթությունը, ինչպես ասում են մասնագետները, շատ վատ ճանապարհորդ է: Այնտեղ, որտեղ ստեղծվել է, շատ լավ է աշխատում, երբ ճամփորդում է ուրիշ երկիր, կարող է լրիվ հակառակ էֆեկտներ ունենալ: Ծրագրով նախատեսվում է նաև հիմնել ակադեմիական քաղաք, որքանո՞վ է սա կարևոր նախաձեռնություն: Դա որպես գաղափար՝ թղթի վրա, շատ լավն է, բայց Հայաստանում բազմաթիվ խնդիրներ են առաջանալու: Քանի որ այսօր Հայաստանի դասախոսները շատ վատ են վճարվում, իրենք ստիպված են մի քանի հաստատությունում աշխատել: Ենթադրենք այդ քաղաքն ստեղծում են Աշտարակի կամ Աբովյանի մոտակայքում, մարդիկ ինչպե՞ս են Երևանից գնալ-գալու: Դա այն դեպքում է աշխատում, երբ դասախոսին այնքան վճարեն, որ ինքը կարողանա դասախոսի աշխատավարձով ապրել, և գիտության զարգացման այնպիսի պայմաններ կան, որ ինքը կարողանա հանգիստ նստել իր կաբինետում, շաբաթը մի 3-4 ժամ դասավանդել, մնացյալ ժամանակը գիտական արտադրանքին հատկացնել: Իսկ մեզ մոտ այդպես չէ, դասախոսներին շաբաթական 18-20 ժամ են տալիս, դասախոսը աշխատասենյակ չունի: Լավ, ենթադրենք շենքը տարաք Երևանից դուրս, դրանից որակը ո՞նց է փոխվելու: Նույն դասախոսը, ով հիմա Երևանի կենտրոնում է դասավանդում, գնաց ակադեմիական քաղաքի նորակառույց շենքում դասավանդեց, ավելի լա՞վ է դասավանդելու, արժե՞ այդ փողը դնել, այդքան ծախս անել: Օրինակ՝ կարող են լինել դասախոսներ, ովքեր կասեն՝ մեզ այստեղ տուն տվեք, չենք կարող ամեն օր գնալ-գալ, տրանսպորտային ծախսեր հատկացրեք: Այսինքն՝ բավական ծախսեր են արվելու, և ես չգիտեմ՝ արժե՞, որ Հայաստանի նման երկիրը գնա այդ շքեղությանը: Չստացվի այնպես, որ սկսեն, հետո ասեն՝ ֆինանսական ճգնաժամ կամ պատերազմ եղավ, դրա համար չկարողացանք ավարտին հասցնել: Ծրագրով նաև նախատեսվում է, որ կստեղծվեն 100 տոկոսով պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհեր: Սա ի՞նչ է ենթադրում, նոր բուհեր են ստեղծվում, թե՞ եղած բուհերն են օպտիմալացվելու: Այո, այդ «կստեղծվեն» բառը մի քիչ խորամանկ բառ է, և շատ մարդկանց թվացել է, թե 5-8 նոր բուհ է ստեղծվելու: Ոչ, իրականում օպտիմալացում է լինելու, բուհերի միավորման արդյունքում կունենանք 5-8 պետական բուհ, որոնք կստանան պետական ֆինանսավորում: Այստեղ էլ պետք է գնահատել իրավիճակը, օրինակ, Բժշկական համալսարանն առանձի՞ն է ավելի լավ աշխատում, թե՞ Երևանի պետական համալսարանի կազմում: Ես կողմնակից եմ, որ այդ բուհերին մենք անգամ համալսարան էլ չկոչեինք, ինստիտուտներ անվանեինք, որովհետև իրենք մասնագիտացված են: Հայաստանի բուհերի մեծ մասը համալսարան չեն, մասնագիտացված ինստիտուտներ են: Այս օպտիմալացման արդյունքում, իհարկե, ինչ-որ գումար կխնայվի, այդքան բան: Երևի այդ գումարն էլ կհատկացնեն, որպեսզի անվճար ուսուցման տեղերը ավելացվեն: Բայց, կրկնում եմ, շատ բան է կախված նրանից, թե ովքեր են իրականացնելու դա և ինչպես, ովքեր են ղեկավարելու այդ բուհերը, արդյոք լինելու է լավ կառավարում, թե այսօրվա պես՝ յոլա տանելու սկզբունքով:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
30-07-2022 17:38