Խոշոր գումարների ներհոսքը Հայաստան արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ է պայմանավորված

Հայաստան ներհոսող գումարները շարունակում են ռեկորդային աճ գրանցել: Կենտրոնական բանկը հրապարակել է հունիս ամսվա ցուցանիշները, և եթե այս տարվա մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան էր փոխանցվել 412 մլն 116 հազար դոլար, ապա հունիսին փոխանցված գումարների ծավալը կազմել է 597 մլն 786 հազար դոլար: Փոխանցումների հիմնական մասը Ռուսաստանից են․ հունիս ամսին 452 մլն 079 հազար դոլար փոխանցվել է Ռուսաստանից, 62 մլն 047 հազար դոլար՝ ԱՄՆ-ից: Սկսած այս տարվա փետրվար ամսից՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների ծավալն աճում է: Ապրիլին ՌԴ-ից փոխանցումները կազմել էին 174 մլն 193 հազար, մայիսին՝ 266 մլն 213 հազար դոլար, իսկ հունիսին արդեն՝ 452 մլն 079 հազար դոլար: Տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ գումարների ներհոսքը արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ է պայմանավորված, ոչ թե Հայաստանի ներտնտեսական իրողություններով: «Սա աշխարհաքաղաքական գործոններով է պայմանավորված՝ ռուս-ուկրաինական պատերազմով: Նկատի ունենալով Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, այո, աննախադեպ ծավալի արտարժույթային մուտք ունենք՝ հիմնականում ՌԴ-ից: Սա առաջին հերթին նպաստել է մեր ազգային արժույթի արժևորմանը: Երկրորդ, որոշակիորեն խթանել է տնտեսական ակտիվությունը: Այդ մուտքերը երկու հիմնական ուղղություններով են: Մեկը՝ ՌԴ քաղաքացիները, ժամանելով Հայաստան, իրենց հետ բերում են գումարներ, երկրորդը, պատժամիջոցների պայմաններում նաև ՌԴ-ից որոշակի քանակությամբ արտարժույթ է գալիս Հայաստան: Սա դրական է, բայց կարճաժամկետ է: Սրա վտանգավորն այն է, որ պետք է փորձ արվի այսպիսի իրավիճակը հնարավորինս կապիտալացնել, այսինքն, որպեսզի ներհոսող գումարները մաքսիմում դառնան ներդրումներ: Այդ նույն պատահական գործոնը նույկերպ կարող է մի օր չլինել, այսինքն՝ ինչպես այդ «տաք» փողերը մտնում և տնտեսական միջավայր ու ֆոն են ստեղծում, նույնկեպ էլ այդ փողերի ներհոսքը կարող է դադարել, դրանք կարող են երկրից դուրս գալ: Եվ այդ իրավիճակում երկրում կստեղծվի հակառակ արդյունքը՝ կապախթանվի և տնտեսական աճը,  և իրական բացասական ազդեցություն կլինի ազգային արժույթի վրա՝ արժեզրկման տեսանկյունից»,- ասում է Թադևոս Ավետիսյանը: Կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացիների կողմից Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը պետք է կրճատվեր: Անդրադառնալով այս հարցին, թե ի՞նչ իրավիճակ է ՀՀ քաղաքացիների կողմից փոխանցումների առումով, Ավետիսյանն ասում է, որ ՌԴ տնտեսությունում կանխատեսվող խորը ճգնաժամը տեղի չունեցավ: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների մոտ 70 տոկոսը մեկնում է հենց Ռուսաստան: Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների կողմից դրամական փոխանցումները շարունակվում են: Դրան նաև նպաստեց ռուսական ռուբլու կայունացումը, հետագայում նաև՝ արժևորումը: Պատերազմի սկզբնական փուլում ռուսական ռուբլին էապես արժեզրկվել էր, և դա բացասաբար էր ազդում նաև ՀՀ քաղաքացիների կողմից փոխանցումների վրա: Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ դրամի արժևորումը կշարունակվի այնքան, քանի դեռ վերոնշյալ գործոններն առկա են: Դրամի ամրապնդմանն առաջին հերթին նպաստել է արտարժույթի ներհոսքը: «Երկրորդ գործոնը՝ Ռուսաստանից ներկրումը մեր ներկրման 30 տոկոսն է, և դրա հիմնական մասով վճարումներն աստիճանաբար ռուսական ռուբլիով են իրականացվում: Դա կրճատում է դոլարի նկատմամբ պահանջարկը: Քանի դեռ այս գործոնները կան, մենք կունենանք այս արժևորման միջավայրը: Բայց այս գործոնները կարճաժամկետ են, պետք է արձանագրենք, որ այս գործոնները ներտնտեսական չեն, այնպես չէ, որ դրանք առանջանցիկ ներդրումների արդյունք են կամ կայուն տնտեսական գործոններով են պայմանավորված: Այդ գործոնները կարող են մի պահ վերանալ, և մենք լուրջ ու էական ճնշում կունենանք դրամի փոխարժեքի վրա՝ արժեզրկման տեսանկյունից: Եվ ամենացավալին այն է, որ այդ արժեզրկումը կարող է էական լինել, ինչպես էական արժևորվեց: Եվ դրամի արժեզրկումն էական սոցիալական հետևանքներ կառաջացնի գնաճի առումով: Այսինքն՝ եթե այսօր մենք դրամի արժևորմամբ պայմանավորված՝ ունենք գնաճի որոշակի զսպում, ապա մենք կունենանք արդեն հակառակը՝ գնաճային ճշում: Պետք է նաև նկատի ունենալ, որ մեր շուկան փոքր շուկա է, իսկ հատկապես ներմուծման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել»,- նշեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
30-07-2022 23:08