Գործ ունենք երևույթների խորությունը չգիտակցող, ճշմարտությունից հեռացած, պահի տակ որոշումներ կայացնող, վախերով առաջնորդվող ողորմելիների հետ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Պարոն Հայրիկյան, վերջին շրջանում Արցախի հարցի վերաբերյալ հայտարարություններ եղան ԱՄՆ-ից: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հեռախոսազրույց ունենալով Փաշինյանի և Ալիևի հետ, նշել էր, որ  Վաշինգտոնը, որպես 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու երկարաժամկետ, համապարփակ խաղաղության: Այնուհետև, ԱՄՆ պետքարտուղարությունը հայատարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդել ԼՂ հարցում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս: Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում: Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ամերիկան իր պատմական առաքելությունը չի անտեսում, որը արդեն 100 տարի է՝ դրսևորում է աշխարհով մեկ: Եվ մյուս կողմից սա նշանակում է, որ եթե փորձ արվի չեզոքացնել Մինսկի խմբի գործունեությունը և այդ չեզոքացման միջոցով գործընթացից արտամղել համաշխարհային հանրությանը, այսինքն՝ ԱՄՆ-ին, ապա այդ դեպքում անգամ ԱՄՆ-ն իր դերակատարությունից չի հրաժարվում: Սա պետք է համարել դրական ազդակ, որպեսզի հաջորդ քայլը կատարես: Բայց մեր այսօրվա իշխանությունները նման փոխանցումների պատրաստ չեն, ինչպես պատերազմի ժամանակ Թրամփի կողմից արված, թվում է թե թռուցիկ հայտարարությունը, որ՝ սա բարդ հարց չէ, մենք Կոսովոյի նախադեպն ունենք, արձագանք չստացավ: Բայց բարեբախտաբար ԱՄՆ-ն ի վերջո ունի առաքելություն, և ամերիկյան այսօրվա իշխանությունները շարունակում են իրենց առաքելությանն ինչ-որ չափով հավատարիմ մնալ: Մեր իշխանությունները, ցավոք սրտի, ոչ միայն պատրաստ չեն սրան, այլ նաև պետք է մակարդակ ունենան, հարցը միայն բարոյաքաղաքական պատրաստվածությանը չի վերաբերում, այլ նաև մակարդակին: Հուսանք, որ ինչ-որ բան այդուհանդերձ տեղի կունենա՝ անկախ իշխանությունների բացասական վերաբերմունքից: Հասարակության զանգվածային ատելությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պատահական չէ, հետևաբար, այդպիսի վերաբերմունքի արժանացած քաղաքական գործչից ճիշտ արձագանքներ սպասելը ճիշտ չէ, հատկապես որ ունենք փաստ: Հիմնարար փոփոխություններ կատարելու նպատակով հեղափոխություն կատարած մարդը այդ երկրի հիմնական օրենքի ուղղությամբ տարվող փոփոխությունների նկատմամբ ի՞նչ վերաբերմունք դրսևորեց, անգամ 10 կուսակցությունների դիմումից հետո ինքը զբաղվեց լակոտությամբ: Հետևաբար, ի՞նչ վերաբերմունք պետք է սպասենք այդ մարդուց հայանպաստ հայտարարությունների նկատմամբ: Արդյոք ամերիկյան կողմ այս հայտարարությունները այն մասին են, որ Արցախի հարցը լուծված չէ: Բազում անգամներ Ամերիկյան հայտարարել է, որ Արցախի հարցը լուծված չէ, մի քանի հիմնադրույթներ կային, դրանցից մեկը ինքնորոշման իրավունքն է: Հելսինկյան համաձայնագրի երկրները՝ ԵԱՀԿ-ն, հատուկ հանձնաժողով են ստեղծել՝ Մինսկի խումբը, և հանկարծ մի ապուշ վեր է կենում ու ասում է՝ այդ հարցն այլևս չկա: Սա իդիոտիության մակարդակ է, ինքն աշխարհին ասում է՝ դուք էշ էիք, ես այդ հարցը լուծել եմ: Իրեն հարգող որևէ պետության ներկայացուցիչ չի կարող ասել՝ Արցախի հարց չկա, իրենք հիշում են, որ հատուկ խումբ են ստեղծել, որ այդ հարցը կարգավորմանը նպաստի: Բնականաբար, այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, և եթե պետության ու իրենց ընդունած որոշումների նկատմամբ ունեն հարգալից վերաբերմունք, պետք է ասեն, որ ուժի ու ուժի սպառնալիքի միջոցով հարցերը չեն լուծվում: Ես զարմանում եմ, որ դա ուշանում է, և հիմնականում ուշանում է Հայաստանի մեղքով: Պատկերացրեք, թե ինչ մակարդակով են Հայաստանի իշխանությունները հարցերը բարձրացնում: Հայաստանի իշխանությունները պարբերաբար ասում են, այդ թվում՝ նաև Անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարել, որ պետք է ակտիվ քննարկվի Արցախի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը: Դուք ինչպե՞ս եք գնատում այս հայտարարությունները: Ամեն դեղնակտուց կարծում է, թե ինքը կարող է նոր ազգային ռազմավարության հեղինակ լինել: Այսինքն՝ ի՞նչ, նոր ազգային ռազմավարությո՞ւն են առաջարկում: Եթե նոր ազգային ռազմավարություն եք առաջարկում, ի՞նչ գործ ուներ Նիկոլն այդ պատերազմում, Նիկոլը պետք է ընդամենը հանդես գար որպես աջակից, բայց ինքը որպես գլխավոր հրամանատար էր հանդես գալիս և բանակցություններ էր վարում Արցախի հարցի վերաբերյալ: Մարդ, ով ազդարարում է՝ ես Արցախի հարցով որևէ բան անել չեմ կարող, որովհետև Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել, հետո այդ մարդը ոչ միայն պատերազմի մեջ է մտնում, այլ սրիկայաբար հայտարարություն է ստորագրում Արցախի վերաբերյալ: Միայն սրիկան կարող էր իրեն այդպես պահել: Երբ խոսում են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, դա չի նշանակում, որ Արցախը պետք է անկախանա և լինի ինքնուրույն: Պարզապես Արցախն ինքը պետք է որոշի՝ ինչ հետագա կարգավիճակ է իր համար նախընտրելի՝ Հայաստանի կազմում լինել, Ռուսաստանի, թե Ադրբեջանի: Ինքնորոշում ասելով՝ դա նկատի ունենք: Երբ խոսք է գնում, որ Արցախի հարցը պետք է տարանջատենք հայ-ադրբեջանական հարաբերություններից, դա մոտեցում կարող է լինել: Բայց արդյոք Հայաստանն այդպիսի ռազմավարություն որդեգրել է, արդյոք իրենք այլևս արձանագրո՞ւմ են, որ բոլոր նրանք, ովքեր հայտարարել են, թե Հայաստանի հիմնախնդիրը Արցախի հարցն է, նրանք քաղաքականապես տգետ են եղել: Եվ հիմա մենք որոշում ենք, որ Հայաստանի գլխավոր խնդիրը Արցախի հարցը չէ, այլ հայ-ադրբեջանական հարաբերություններն ենք կարգավորում: Եթե մենք Արցախի հարցը լրիվ սահմանազատում ենք, այդ դեպքում ի՞նչ գործ ուներ Նիկոլը, երբ Արցախի մասին հայտարարություն ստորագրեց: Հակառակորդն ազդարարում է, որ Արցախի մասին պետք է մոռանանք, և սահմանազատման բոլոր գործողությունները, որոնք կատարվելու են, նաև ճանապարհների կառուցման գործողությունները անմիջապես կապված են Արցախ-Հայաստան կապերը նվազագույնի հասցնելուն, ավելին, ընդհանրապես Արցախը վերացնելուն: Ալիևն ասում է՝ Արցախ գոյություն չունի, Արցախի հարց չկա, այս իդիոտներն էլ ասում են՝ Արցախի հարցն առանձին պետք է քննարկվի: Սրանց հայտարարություններն ու գործելակերպն ուղղակի հնարավոր չէ մեկնաբանել: Մարդը Արցախի հարցով հայտարարություն է ստորագրում, հետո բանավոր բաներ է պայմանավորվում, միջպետական հարաբերություններում բանավոր պայմանավորվածություններ մարդկության պատմության մեջ չեն եղել: Դրանք եղել են միայն դիկտատորների իշխանության օրոք, 21-րդ դարում բանավոր պայմանավորվածությունը ո՞րն է: Միանգամից արձանագրում ենք, որ գործ ունենք անիրազեկ, երևույթների խորությունը չգիտակցող, ճշմարտությունից հեռացած, պահի տակ որոշումներ կայացնող, վախերով առաջնորդվող ողորմելիների հետ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
31-07-2022 22:20