Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների. 183 մասնակից, 7 խմբով Արարատյան մաքսատուն-վարչությունում են: Ավելի վաղ, նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում: 15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած է 5 շաբաթ տեսական և 10 շաբաթ գործնական պարապմունքներից. մասնակիցներն ուսումնասիրում են ոլորտի նրբությունները՝ սկսած մաքսային օրենսգրքից մինչև բեռների բացթողում: Հագեցած ուսումնական պրոցեսի վերջում մասնակիցները կգնահատվեն, լավագույն ցուցանիշներով ուսանողներն աշխատանքի հնարավորություն կստանան պետական եկամուտների կոմիտեում: Ամիսներ առաջ մեկնարկած մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների վերջնարդյունքը՝ 2024 թվականից ամբողջությամբ թվային մաքսային համակարգի անցնելն է: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին