ԱԱԾ-ում որեւէ վարույթ չի հարուցվել Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ. Մուրադ Փափազյանի մուտքը արգելվել է, քանի որ կառավարությունը սպառնալիք է զգացել նրանից

05-08-2022 18:22

ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարույթ չի նախաձեռնել 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այցի կազմակերպված բողոքի ակցիայի առնչությամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից: Հետեւապես ՀՀ կառավարության աշխատակազմի պնդումը, թե՝ Մուրադ Փափազյանը հանդիսանում է ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը, չունի իրավական հիմնավորում: ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվելու պատճառների մասին, ինչպես նշեցինք, հայտարարել էր Փաշինյանի աշխատակազմը՝ պնդելով, թե «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Ավելին, նշվել էր, թե ոչ միայն Մ. Փափազյանի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝խնդրելով հայտնել, թե ավելի քան մեկ տարի առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած՝ կառավարության հիշատակած իրադարձությունների առթիվ քրեական գործ կամ որեւէ վարույթ նախաձեռնվել է, թե ոչ: Պարզվել է արդյոք բողոքի ակցիայի մասնակիցների շրջանակը: Մուրադ Փափազյանին ՀՀ Ազգային օրենսդրությամբ արգելված ինչ արարք է մեղսագրվում եւ երբ է որոշում կայացվել նրա մուտքն արգելելու մասին: «Ֆրանսիայում մի խումբ անձանց մասնակցությամբ Ձեր կողմից նշված իրադարձությունների առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ չի հարուցվել»,- նշված է ԱԱԾ-ից ստացված գրավոր պատասխանը՝ միաժամանակ խուսափելով նշել, թե կոնկրետ երբ է որոշում կայացվել նրա մուտքն արգելելու մասին: Ավելին, ԱԱԾ-ն խուսափել է հայտնել, թե քանի հոգու մուտք արգելելու մասին որոշում է կայացվել եւ ինչի համար: Այս տեղեկատվությունը ԱԱԾ-ն համարել է պետական ու ծառայողական գաղտնիք, իսկ թե ինչպես է այն հայտնի դարձել կառավարության լրատվականին՝ չի մեկնաբանել, չի պարզաբանել արդյոք լրատվականն ունեցել է հատուկ թույլտվություն՝ ծանոթանալու այդ պետական գաղտնիքին ու հանրայնացնելու այն, եթե այո, ապա գաղտնազերծված տեղեկատվությունը ինչու է նորից պետական գաղտնիք համարվում: ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել է, որ Մ.Փափազյանի մուտքն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ եւ զ կետերը: Նկատենք, որ տվյալ կարգավորումներով ամրագրվում է, որ «Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ – վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, – իրականացնել ահաբեկչական գործունեություն, – սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ – իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ. Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Այլ խոսքով՝ ազգային հարցերը միջազգային հարթակներում բարձրացնող ու թուրքերի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտմանը հետամուտ լինող Փափազյանից Փաշինյանի կառավարությունը վախենում է: ԱԱԾ-ի պաշտոնական գրությունը փաստում է, որ իրականում ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել նրա մուտքն արգելելու համար ու գործ ունենք բացառապես քաղաքական կամայականության հետ:

Lragir.am,
05-08-2022 18:22