Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված անձ

08-08-2022 13:26

ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) բացահայտել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը: Ինչպես հայտնում են ՔԿ-ից, դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վարութային գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Lragir.am,
08-08-2022 13:26