Մեղրի-Ագարակ ճանապարհին շուրջ 9 ամիս է՝ ռուս սահմանապահները մոդուլային հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար

08-08-2022 15:31

Շուրջ 9 ամիս է՝ Մեղրի-Ագարակ ճանապարհին տեղադրված են մոդուլային հենակետեր, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում «Պետական սահմանի» մասին օրենքի համաձայն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ չնշելով սակայն, թե ինչ նկատառումներից ելնելով են տեղադրված այդ հենակետերը: «Կխնդրեմ այդ մասով դիմել համապատասխան գերատեսչություններին, ես որպես Մեղրի համայնքի ղեկավար կարող եմ ասել, որ այդ մոդուլային հենակետերը տեղադրված են 8-9 ամիս: Ռուս սահմանապահների ծառայությունը իրականցվում է Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ստորագրած փաստաթղթերի հիման վրա: Այդ սահմանային գոտում սահմանահատումներ են լինում, ռուսական սահմանապահ զորքերի նշանակությունը հենց դրա համար է»,– ասաց համայնքապետը: Համայնքապետի խոսքով՝ սա նշանակում  է, որ քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան անձնագիր, որպեսզի հարկ եղած դեպքում ցույց տան դրանք ռուս սահմանապահներին, որից հետո միայն կարող են անցնել հենակետը: Բագրատ Զաքարյանի խոսքով՝ ամեն անգամ չէ, որ ռուս սահմանապահները ստուգում են քաղաքացիներին, բայց լինում են դեպքեր, երբ մեկ ժամից ավելի քաղաքացիների տեղաշարժը դադարեցվում է, ինչն, իհարկե, զայրացնում է բնակիչներին:

Lragir.am,
08-08-2022 15:31