«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը

08-08-2022 15:28

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը: Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում դեռևս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը: Կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար: Հաշվի առնելով նշվածը, Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Lragir.am,
08-08-2022 15:28