Երևանը, Գյումրին, Վանաձորն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր գոտում են

08-08-2022 16:10

Երևանում ու մի շարք այլ քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ ցուցանիշի է հասել: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: «Երևան քաղաքում  ունենք և՛ շահագործվող հանքեր, և՛ ակտիվ շինարարություն է կատարվում: Մեր ամենամեծ խնդիրը փոշին է և օդի աղտոտվածության վատ վիճակը: Պարտադիր չէ սարքավորումներ տեղադրել, նոր հասկանալ, թե ինչ վիճակ է քաղաքում: Մարդիկ պատուհանը բացում են ու կարճ ժամանակ անց տունը կեղտոտ է, ավտոմեքենան ավելի հաճախ է կեղտոտվում և այդպես շարունակ: Սրանք կենցաղային պարզ ցուցիչներն են: Պատճառներից մեկը մայրաքաղաքում առկա շինարարական բումն է: Մի կողմից լավ է՝ ներդրումներ են, զբաղվածություն է, բայց մյուս կողմից շինարարների կողմից չեն պահպանվում արդեն իսկ ամրագրված պահանջները: Ասեմ, որ ոչ մի նոր նախագիծ, նոր փոփոխություն պետք չէ: Օրենքով սահմանված են անհրաժեշտ պահանջներն ու նորմերը, սակայն շինարարները դրանք չեն պահպանում»,-ասաց Գայանե Գաբրիելանը: Ըստ նախարարի տեղակալի՝ իհարկե, այստեղ անելիք ունի համապատասխան տեսչական մարմինը, սակայն մեծ ռեսուրսներ են պետք, որ կարողանա բոլորին ամենօրյա վերահսկողության տակ պահել: Շատ կարևոր է, որ բիզնեսն ինքը պատասխանատվություն ունենա: Շինարարական նախագծով արդեն իսկ ամրագրված են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց պարտավոր են հետևել կազմակերպությունները: Դա կլինի տարածքի ծածկապատում, շինհրապարակների լվացում և այլն: Գայանե Գաբրիելյանը հավաստիացրեց, որ եթե այդ բոլոր գործողությունները նախագծով պատշաճ նկարագրված չեն, այն փորձաքննության դրական եզրակացություն չի ստանում: Հետևաբար, եթե նախագծում դա կա, օրենքի պահանջները սահմանված են, ապա բիզնեսը պարտավոր է դրանց հետևել: «Մենք տեսնում ենք, որ այդ ամենը չի պահպանվում, եթե պահպանվեր, օդն այսքան աղտոտված չէր լինի: Պետական մարմինները պետք է առավել ակտիվ աշխատեն, բայց առանց հանրության աջակցության հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել: Մեր քաղաքացիները, մեր բիզնեսը ևս անելիք ունեն»,-ասաց Գայանե Գաբրիելյանը: Երևանից բացի, օդի աղտոտվածության տեսանկյունից մտահոգիչ պատկեր է նաև Գյումրիում, Վանաձորում: Այս երեք քաղաքներն օդի աղտոտվածության ցուցանիշներով կարմիր  գոտում են: Հիմնական խնդրահարույց ոլորտներն են շինարարությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերի բաց այրումը: «Աղբավայրերի, աղբի բաց այրումն անթույլատրելի է: Դա լուրջ խնդիր է մարդու առողջության համար: Հաճախ են նման դեպքեր լինում, օրինակ, տերևաթափի ժամանակ տարածքները մաքրվում են ու աղբը այրվում է: Այստեղ իրազեկման լուրջ անելիք ունենք»,-ասաց նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ շրջակա միջավայրի մաքրության, պահպանման գործում պատասխանատու պետք է լինի յուրաքանչյուրը:

Lragir.am,
08-08-2022 16:10