ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ծովինար գյուղի երկու բնակչի ծեծկռտուքի դեպքի առթիվ

10-08-2022 18:30

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել  են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նշված գյուղի 33-ամյա բնակչի «գլխի բազմաթիվ վնասվածքներ», ինչպես նաև  նույն գյուղի մեկ այլ՝ 57-ամյա բնակչի «ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն դիմելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է օգոստոսի 9-ին: «Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ծովինար գյուղին հարակից անտառամերձ ճանապարհին, նախկինում ունեցած անձնական խնդիրների պատճառով, 33 և 57-ամյա համագյուղացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ընթացքում վերջինս ատրճանակից կրակոցներ է արձակել համագյուղացու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է 33-ամյա տղամարդու կողմից իրավապահներին ներկայացված հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համագյուղացիների միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի փաստի առթիվ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է քրեական գործ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Lragir.am,
10-08-2022 18:30