Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ռուս խաղաղապահների մեքենայի մասնակցությամբ վթարից

12-08-2022 13:08

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 12-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով 4 կին տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության Ոստիկանության եւ Արտակարգ  իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական խումբը: Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել  ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» եւ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107»  մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ հետեւանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը  կոտրվածքներով եւ աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Վերջինիս ուղեւորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) եւ Ս. Ս.-ն (ծնված 1966թ., Ասկերանի շրջան  գ. Այգեստան) տեղում մահացել են: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Քննչական կոմիտեն:

Lragir.am,
12-08-2022 13:08