Արցախում պետք է զգուշանան «խաղաղապահներից»․ նրանց «առաքելությունն» արագացվում է

12-08-2022 22:43

Արցախում այսօր առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել․ ռուս զինվորականների մեքենան մեծ արագությամբ բախվել է արցախցու մեքենային՝ դառնալով 4 զոհի պատճառ: Հանգամանքները պարզվում են, ինչպես տեղեկացնում են արցախցի իրավապահները: Պուտին-Էրդողան պակտի նախօրեին մեկնարկած՝ ռուսական կոնտինգենտի առաջնորդությամբ Լաչինի միջանցքի իրադարձությունները եւ Բաքվի հարձակումները երեք ուղղություններով նշանավորեցին ռուսական «առաքելության» ավարտը: Մոսկվան ու Բաքուն արագացնում են Արցախի «ընդունման-հանձնման» գործընթացը ճանապարհների ռեժիմի փոփոխության, հայկական բնակավայրերի տեղահանման եւ զինաթափման վերջնագրերով: Բազմիցս նշել ենք, որ ռուսական կոնտինգենտը ոչ թե խաղաղապահ, այլ օկուպացիոն զորք է, որի մուտքը Արցախ հնարավոր էր միայն Հայաստանի դեմ պատերազմի եւ հայերի երաշխավորված պարտության դեպքում: Ռուսական կոնտինգենտը տարածաշրջանից ռուսների սահուն նահանջի եւ Հայաստանը թուրքերին հանձնելու Լավրովյան հնգամյա պլանի իրագործման երաշխավորն է: Ներկայում ռուսները փորձում են արագացնել հենց այս պլանը, ինչը նշանակում է, որ ռուսական կոնտինգենտը գործելու է այս տրամաբանության մեջ: Հիշվում են 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին այդ տարիների ռուս «խաղաղապահների» վայրագությունները Տավուշում, Արցախում եւ Կասպից արեւմուտքի հայաբնակ ընդարձակ շրջաններում՝ երկու Կոլցո պատժիչ գործողությունների, հայերի տեղահանության, սպանությունների, հայկական բնակավայրերի շուրջկալների ձեւով: Դա տեղի էր ունենում Ռուսաստանի նահանջի նախօրեին: Ռուսաստանի հեռանալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց՝ հայերը վերականգնեցին կորուստների մի մասը: Զուգահեռներն իհարկե որոշակի առումով պայմանական են, բայց գործընթացների զարգացման տրամաբանությունը նույնն է: 1990-ականներին ազգային 100 նվիրյալների խումբը շրջեց իրադարձությունների ընթացքը: Նրանցից շատ-շատերի անունները հայերը չգիտեն էլ: Կա՞ն հիմա նման նվիրյալներ, որոնք ունակ են գնահատել իրավիճակը եւ կայացնել ինքնիշխան որոշումներ, այդ թվում՝ զինված դիմադրության: Արցախի ինքնապաշտպանության ուժերը պետք է պահպանվեն, Մոսկվայի ու Բաքվի, Երեւանի եւ Ստեփանակերտի կոլաբորանտ վարչակազմերի հանցավոր պահանջները եւ շանտաժը չպետք է կատարվեն: Անելիքը հայ ժողովրդինն է: Կարդացեք նաեւ Ուկրաինան եկավ Հայաստան. Ռուս-հայկական ուղիղ առճակատում Գեղարքունիքում եւ Արցախում Ռուսական զորակազմն ավարտում է «առաքելությունը»

Lragir.am,
12-08-2022 22:43