«Դա Ուկրաինայի պարտությունն է»․ Հայաստանը նույն ճանապարհին

13-08-2022 10:05

Ուկրաինան այժմ օբյեկտիվորեն Ռուսաստանի հետ բանակցելու «մոտիվներ» չունի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկցնում են ուկրաինական զլմ-ները: «Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները կնշանակեն միայն մեկ բան. որ Ռուսաստանը հաղթել է… Բանակցություններն այսօր՝ դա Ուկրաինայի պարտության արձանագրումն է, Եվրոպայի, ժողովրդավարական արժեքների՝ որպես այդպիսին, պարտությունը: Եվ դրան կհետեւի համաշխարհային անվտանգության ողջ համակարգի, արժեհամակարգի անկումը: Այսօր ցանկացած բանակցություն՝ առկա մուտքային հնարավորություններով, կհանգեցնի քաղաքակրթական աղետի: Պատրա՞ստ եք գնալ դրան: Այն գինը, որ Ուկրաինան արդեն վճարել է և վճարում է, շատ ավելի բարձր է, քան այսօր ուղղակիորեն հրադադարի հնարավորությունը»,  ասել է Պոդոլյակը՝ մեկնաբանելով ուկրաինական հարցերով բրիտանացի փորձագետ Թիմոթի Էշի կարծիքն այն մասին, որ խաղաղության բանակցությունները կարող են վերսկսվել 2022 թվականի նոյեմբերին, եթե Ուկրաինայի զինված ուժերը ստանան ռազմավարական առավելություն Խերսոնի շրջանում: Խորհրդականի խոսքով՝ խաղաղ բանակցություններն այսօր Ուկրաինայի համար ոչ մի հարց չեն լուծում: Մասնավորապես, Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ սահմանազատման նոր գիծ սահմանելը կնշանակի ամրագրել նոր «կրիմինալ անկլավներ», որոնք քարոզչության միջոցով օգտագործում է Ռուսաստանի Դաշնությունը՝ հետագայում նոր պատերազմ սկսելու համար, կարծում է Պոդոլյակը: «Մենք վեց ամսում կամ մեկ տարում կստանանք պատերազմ այլ դրդապատճառներով, այլ կատարողներով, եթե ստանանք սահմանազատման նոր գիծ, ​​ամբողջ կենտրոնը և հարավային Ուկրաինան կմնան առանց մարդկանց և ավերակների մեջ, ոչ ոք փող չի ներդնի, ոչ ոք չի վերադառնա այն տները, որոնք պատերազմի գծում են, հետաձգված պատերազմի, մենք կստանանք տնտեսության անկում, սոցիալական հարաբերությունների անկում: Այսինքն՝ այսօրվա բանակցային գործընթացը նույնն է, ինչ ուզում էր Պուտինը՝ ուկրաինական պետականության ոչնչացում, միայն թե այլ ճանապարհով», ասել է նա: Բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ Ուկրաինայի դեմ արշավը Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի «շարունակությունն է»․ Պուտինին ոգեւորել էր հաջողությունը Հայաստանում, ընդ որում՝ իշխանության ու ռուսանպաստ ընդդիմության երախտագիտության տարափի տակ: Պուտինի ուզածը հենց դա էր՝ Հայաստանի ոչնչացում, որի համար հայերը պետք է երախտապարտ լինեն: Ուկրաինայի նախագահականի խորհրդականի խոսքերում ակնհայտ է իրավիճակի նմանությունը Հայաստանի դեմ արշավի պլանավորման ու նպատակների հետ: Դա բնական է, քանի որ դա մշակվել է նույն կենտրոնում՝ Կրեմլում, պարզապես Հայաստանի դեմ Մոսկվան գործել է թուրքերի թիկունքում, Կրեմլի կոյուղատարներից հայկական մեդիա-քաղաքագիտական դաշտին իջեցված համապատասխան հրահանգներով: Ուկրաինայի նախագահականի խորհրդականի նկարագրած հեռանկարը լիուլի վերաբերում է նաեւ Հայաստանին՝ «խաղաղ օրակարգի» անվան տակ ընթացող՝ Հայաստանի պետականության ոչնչացման ռուսական պլանների արագացման պայմաններում:

Lragir.am,
13-08-2022 10:05